ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի – Sputnik. ՀՀ–ն կրճատում է ԱՄՆ դոլարով պետական պարտքի տեսակարար կշիռը՝ արժույթի դիվերսիֆիկացման և ռիսկերի նվազեցման նպատակով։ Այս մասին ԱԺ–ում 2023 թ. բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
«Ցանկացած ոլորտում ավելորդ կենտրոնացումը ռիսկեր է ստեղծում։ Դրանցից խուսափելու համար մենք նվազեցնում ենք մեր պարտքի դոլարային մասնաբաժինը և բարձրացնում եվրոյով մասնաբաժինը։ Բացի այդ, ինչպես նախորդ մի քանի տարիներին, պետությունը շարունակել է բարձրացնել ազգային արժույթով պարտքի տեսակարար կշիռը»,– նշեց նախարարը։
Մասնավորապես, 2022 թ. դեկտեմբերի վերջին ՀՀ կառավարության պարտքի կառուցվածքում դրամ–արտարժույթ հարաբերակցությունը կազմել է 37,9% / 62,1%։ Ընդհանուր պարտքի մեջ 36,8 %–ը կազմել է դոլարով պարտքը, 14,9 %–ը՝ SDR–ով (Արժույթի միջազգային հիմնադրամի հատուկ հաշվարկային միավոր) և 8,6 %–ը՝ եվրոյով։
2023 թ. դեկտեմբերի վերջին դրամի և արտարժույթի հարաբերակցությունը կազմել է արդեն 45,9%/54,1%, այսինքն՝ զգալիորեն աճել է ազգային արժույթի տեսակարար կշիռը։
2023 թ. ֆինանսների նախարարությունը պետական պարտքի մարման համար ծախսել է 253,5 մլրդ դրամ` 2022 թ. 198,3 մլրդ դրամի դիմաց։