Գնալու եմ ՆԳՆ` պատասխան ստանալու. Բագրատ սրբազանը պատրաստվում է հանդիպել Ղազարյանին

Հավաքվածները երթով շարժվեցին դեպի ՆԳՆ շենք։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի – Sputnik. «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը պատրաստվում է գնալ Ներքին գործերի նախարարություն` որոշ բացատրություններ ստանալու։
Նշենք, որ Բագրատ սրբազանի գլխավորությամբ Սուրբ Աննա եկեղեցու բակում տերունական աղոթքով արդեն մեկնարկել է հավաքը։ Դեռ մայիսի 28-ին սրբազանը հայտարարել էր, որ այսօր առանձին անհնազանդության ակցիաներ չեն լինելու, միասին պետք է լինեն ու անելիք ունեն։ Արձագանքելով Բագրատ սրբազանի կանչին` բազմաթիվ քաղաքացիներ եկել են հավաքի վայր։ Այստեղ են նաև մշակույթի և հանրային գործիչներ, ԱԺ ընդդիմադիր պատգամավորներ, զոհված զինծառայողների ծնողներ և այլն։
«Գնալու եմ Ներքին գործերի նախարարություն, որպեսզի պահանջեմ ու բացատրություն ստանամ ամբողջ գործածի համար, ինչպես նաև հարցադրում անեմ նախարարն է հրաման տվողը, թե իրեն են հրաման տալիս... Ոստիկանությունը մեր երկրում իրեն օրենքից դուրս է դրել։ Եթե նրանք մեզ լակոտներ են անվանել, ուրեմն այդ բնութագիրը տվել են նաև իրենց տերերին, ովքեր 2018 թվականին նույնպես փողոց էին փակում»,– ասաց սրբազանը։
Նա ընդգծեց` պետք է ՀՀ իշխանությանը պարտադրեն հասկանալ, որ ամեն ինչ արդեն իրենց հսկողության ներքո է։
Հավաքվածները երթով շարժվեցին դեպի ՆԳՆ շենք։
Հիշեցնենք` ՀՀ–ում բողոքի ակցիաներ սկսվեցին, երբ ապրիլի 19-ին հայտնի դարձավ, որ Երևանն ու Բաքուն պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի հատվածից։ Հայ–ադրբեջանական սահմանազատումից դժգոհ քաղաքացիները տևական ժամանակ ակցիաներ էին անում Տավուշի մարզում։ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամներն ու նրանց կողմնակիցները մայիսի 4-ին որոշեցին Կիրանց գյուղից երթով գալ Երևան։ Մայիսի 9-ին նրանք հասան մայրաքաղաք։ Այդ օրը Հանրապետության հրապարակում հանրահավաք տեղի ունեցավ, և շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին մեկ ժամ ժամանակ տվեց հրաժարականի համար, ինչը տեղի չունեցավ։
Դրանից հետո նա կոչ արեց մայիսի 10-ից անհնազանդության խաղաղ ակցիաներ սկսել ամբողջ հանրապետությունում։ Շարժման մասնակիցներն ու կողմնակիցները հաջորդ օրվանից սկսեցին փողոցներ ու ճանապարհներ փակել, իրազեկման ակցիաներ իրականացնել` քաղաքացիներին հորդորելով միանալ իրենց։