ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի – Sputnik. ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Աշոտ Սիմոնյանի դեմ բռնություն գործադրած ոստիկանները պետք է հանրային պախարակման ենթարկվեն։ ՀՀ ներքին գործերի նախարարության շենքի մոտ այս մասին հայտարարեց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը։
Մայիսի 27–ին մոտ երկու տասնյակ ոստիկաններ շրջափակել էին ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աշոտ Սիմոնյանին (ՀՅԴ անդամ է), նրանցից 1–2–ը հարվածել ու քաշքշել էին նրան բերման ենթարկելիս։ Եվ դա այն դեպքում, երբ Աշոտ Սիմոնյանը ոստիկաններին էր ներկայացրել ԱԺ պատգամավորի վկայականը։ Ավելի ուշ ՆԳՆ–ից հայտնեցին, որ դեպքի կապակցությամբ նշանակվել է ծառայողական քննություն, ինչի արդյունքում դադարեցվել են ոստիկանության 1 ծառայողի լիազորությունները։
«Ես շատ հույս ունեի, որ իմ ճանաչած Վահե Ղազարյանը կիջնի իր ժողովրդի հետ հանդիպման, քանի որ նա միշտ այդպես է արել Տավուշում, մեր ասելիքը կլսի, ինքը կխոսի, պատասխան կտա այդ 30-40 հոգու խուլիգանական արարքների համար (նկատի ունի ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Աշոտ Սիմոնյանի դեմ մի խումբ ոստիկանների բռնություն կիրառելը): Այո՛, վիրավորում եմ այդ խմբին, պիտակավորում եմ, ոնց ուզում եք, մտածեք։ Ես հիմա կոչ եմ անում լրագրողներին, մասնագետներին, այդ խուլիգանների նկարները մեկիկ–մեկիկ հանեք, անուն–ազգանուններով, եթե պետք է, հասցեներն էլ գրեք, էս ժողովուրդը պետք է տեսնի այդ նկարները, իրենց տնեցիներն էլ պետք է տեսնեն։ Այդ խառնամբոխի մեջ մտածում էին` մի բան կանեն, կանցնի, բայց ոչ, նրանք հանրային պախարակման պետք է ենթարկվեն»,– հայտարարեց Բագրատ սրբազանը։
Նա ընդգծեց, որ խուլիգանական արարքներ գործած բոլոր ոստիկաններն ու նրանց վերնախավն այսուհետ հանրային ծառայողական քննության են ենթարկվելու, և եթե դրան պետք է հոգեբանական տեռոր անվանեն, թող անվանեն։
«Թող բոլորն իմանան, որ մեր երկրում կան այնպիսի մարդիկ, որոնք ամեն ինչի պատրաստ են, միայն թե երկու կոպեկ փող աշխատեն»,–ասաց սրբազանը։
Շարժման առաջնորդը կոչ արեց առանձնացնել նաև բոլոր այն ոստիկաններին, որոնք խոչընդոտել են Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի մուտքը Սարդարապատ։
Նա դիմեց բողոքի ակցիայի մասնակիցներին ու հայտարարեց, որ իրենք հասան իրենց ուզածին, և ՆԳ նախարար Վահե Ղազարյանը չգնաց ԱԺ։
Նշենք, որ վաղ առավոտից երթով ՆԳՆ–ի շենքի մոտ եկած քաղաքացիներն այժմ շարժվում են դեպի Սուրբ Աննա եկեղեցի։