ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի – Sputnik. Ռուսական Առաջին ալիքի սփռումը Հայաստանի տարածքում դադարեցվել է։ Այդ մասին «Արմենպրեսի» հարցին ի պատասխան ասել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։
««1-ին ալիք, համաշխարհային ցանց» ընկերությունը չի կատարել իր պայմանագրային պարտավորությունները՝ կուտակելով 2,5 ամսվա պարտք»,– ռուսական հեռուստաընկերության հեռարձակման դադարեցման հիմքը ներկայացրել է նախարարը:
Նրա խոսքով` ռուսական ալիքի (ORT,–խմբ.) սփռումը հանրային մուլտիպլեքսում ժամանակավորապես դադարեցվել է մինչև պարտքի ամբողջական մարումը։
Հիշեցնենք` Ռուսական հեռուստաալիքների հետ նախկինում խնդիրներ էին առաջացել նաև բովանդակության հետ կապված։ 2024–ի մարտի 29–ին «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» (ՀՀՌՑ) ՓԲԸ-ն արգելափակեց հանրային մուլտիպլեքսով սփռվող «ՌՏՌ-Պլանետա» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:
ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանն ապրիլի 15–ին հայտարարեց, որ «ՀՀ և ՌԴ կառավարության միջև զանգվածային հեռահաղորդակցության ոլորտում համագործակցության մասին համաձայնագրում» մասնավորապես նշված է, որ կողմերը պետք է զերծ մնան այլ պետության և նրա ժողովրդի հասցեին վիրավորական արտահայտություններից: Նախարարը նաև նշեց` եթե հայկական կողմի փաստարկները չընկալվեն, կարող են մտածել համաձայնագրի դադարեցման մասին։
Ավելի ուշ` մայիսի 7–ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույնպես ասուլիսի ժամանակ հայտարարեց` եթե հայկական կողմի պահանջները չկատարվեն, ռուսական հեռուստաալիքները կանջատվեն։
Հավելենք, որ Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների միջև 2020թ․ դեկտեմբերի 30-ից գործում է զանգվածային հեռահաղորդակցության ոլորտում համագործակցության մասին համաձայնագիրը, որը կարգավորում է ռուսական ալիքների հեռարձակումը Հայաստանում և հայկական հեռուստաալիքներինը ՌԴ–ում։