Միջազգային հանրություն. արդյոք չե՞նք գերագնահատում նրա դերն ու ազդեցությունը

Իսկ որքան ջանք գործադրեցինք, որպեսզի այդ խորհրդավոր միջազգային հանրությունը ստիպի ադրբեջանցիներին բացել Լաչինի միջանցքը...
Sputnik
Դժվար է ասել՝ արդյոք Բենյամին Նեթանյահուն, Ռեջեփ Էրդողանը և Իլհամ Ալիևը ծանո՞թ են Կարել Չապեկի այս արտահայտությանը. «Միջազգային պայմանագրերն, իհարկե, չափազանց կարևոր են, բայց թե ես ում հետ եմ պատերազմում՝ դա, կներե′ք, իմ ներքին գործն է»։ Համենայնդեպս, այդ երեք առաջնորդներն էլ միշտ ղեկավարվել են հայտնի չեխ գրողի տրամաբանությամբ։ Ժողովրդի լեզվով ասած՝ Էյֆելյան աշտարակից թքել են միջազգային հանրության կարծիքի ու ճնշումների վրա և հանգիստ արել իրենց գործը։ Մենք՝ հայերս, այլ կերպ ենք վարվել։
Ճիշտ է, 90-ականների սկզբներին արհամարհել ենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը, բայց հենց այն ժամանակ էլ ամենաբարձր մակարդակով հնչել է հայտնի միտքը, թե մենք իրականում առճակատվում ենք ոչ թե Ադրբեջանի, այլ միջազգային հանրության հետ։ Իսկ հիշո՞ւմ եք, թե ինչից սկսվեց Արցախի վերջնական հայաթափման եզրափակիչ փուլը։ Այո′, կրկին ամենաբարձր մակարդակով հնչած այն պնդումից, թե նույն միջազգային հանրությունը մեզ ասում է՝ մի փոքր իջեցրեք Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում ձեր նշաձողը։ Պատրաստակամությամբ իջեցրինք, և Արցախում հայ չմնաց։
Նեթանյահուին ձերբակալելու պահանջը կարող է նախադեպ դառնալ. ՀՀ–ն կպահանջի՞ ձերբակալել Ալիևին
Եվ որտե՞ղ է այդ առեղծվածային միջազգային հանրությունը, որի մասին այդքան շատ են սիրում խոսել Հայաստանում։ Ինչպե՞ս է ձևավորվում նրա միասնական կարծիքը, եթե, իհարկե, նման կարծիք ընդհանրապես երբևէ գոյություն է ունեցել։ Ի՞նչ պատասխանատվություն է կրում և վերջապես ազդեցության ի՞նչ լծակներ ունի, որոնք կարող են կանխել անցանկալի, երբեմն նույնիսկ ողբերգական իրադարձությունները։ Ինչու հիշատակեցի Իսրայելի, Թուրքիայի և Ադրբեջանի ղեկավարներին։ Որովհետև հենք այդ երեք երկրներն են ցուցադրաբար հակառակվում միջազգային բոլոր ատյաններին։ Թուրքիայի մասին երևի ընդհանրապես չարժե մանրամասն խոսել, որովհետև այդ պետության առաջնորդը կարող է նույնիսկ ՆԱՏՕ-ական դաշնակիցների, մասնավորապես, Ամերիկայի հետ հակամարտության մեջ մտնել և հակաօդային պաշտպանության կայանքներ գնել, օրինակ, Ռուսաստանից, բացել իր սահմանները և թույլ տալ, որ հարյուր հազարավոր ներգաղթյալներ ողողեն Եվրոպան, կամ՝ կտրականապես հրաժարվելով ճանաչել Հայոց ցեղասպանությունը, գենոցիդի մեղադրանք ներկայացնել Իսրայելին։ Կարող եք շարունակել այս շարքը։
Իսկ որքան ջանք գործադրեցինք, որպեսզի այդ խորհրդավոր միջազգային հանրությունը ստիպի ադրբեջանցիներին բացել Լաչինի միջանցքը, որպեսզի գոնե ինչ-որ սնունդ հասցվի անմարդկային պայմաններում հայտնված արցախցիներին։ Այո′, ի վերջո բացեցին, բայց միայն նրա համար, որ հրաշալի իմանալով, թե իրենց ինչ է սպասում, երբ Ստեփանակերտ կմտնեն ադրբեջանցի ավտոմատավորները, ղարաբաղցիները թողնեն իրենց տները և տեղափոխվեն Հայաստան։
Հիմա էլ, երբ ադրբեջանցի դատավորները հերթական անգամ երկրաձգում են Բաքվի մեկուսարաններում գտնվող Արցախի նախկին ղեկավարների կալանքը, միջազգային կազմակերպությունները քար լռություն են պահպանում։ Երևի արժե այնուամենայնիվ հիշեցնել այդ անորսալի միջազգային հանրությանը՝ ախր, այս ամենը կատարվեց այն բանից հետո, երբ մեզ ասացին, թե ինչ-որ տեղ ինչ-որ մեկը դժգոհեց մեր նշաձողի բարձրությունից։
Բայց ամենավառ օրինակը, թերևս, Իսրայելն է։ Հենց որ ՄԱԿ-ի միջազգային դատարանը Նեթանյահուից խստորեն պահանջեց դադարեցնել ռազմական գործողությունները Գազայի հարավում, որտեղ կուտակվել են մեկ միլիոնից ավելի պաղեստինցի փախստականներ, Իսրայելը հուժկու հարված հասցրեց Ռաֆահ քաղաքին, որտեղ, ըստ ՀԱՄԱՍ-ի, զոհերի թիվը հասնում է չորս տասնյակի։ Իսկ Իսրայելի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Դևիդ Մենսերը հայտարարեց. «Աշխարհում չկա այնպիսի ուժ, որը ստիպեր մեզ հրապարակավ ինքնասպանություն գործել, որովհետև ՀԱՄԱՍ-ի դեմ պայքարը դադարեցնելը հենց դա է նշանակում»։
Հենց որ մեկ այլ համաշխարհային ատյանի՝ Միջազգային քրեական դատարանի դատախազը պահանջեց ձերբակալել Իսրայելի վարչապետին և պաշտպանության նախարարին, Նեթանյահուն դա անվանեց «համաշխարհային սկանդալ և դատական համակարգի կործանում», իսկ ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի ղեկավար Մայք Ջոնսոնը նույնիսկ սպառնաց, ուշադրությո′ւն, պատժամիջոցներ կիրառել Միջազգային քրեական դատարանի նկատմամբ։ Անկեղծ լինենք, այսքանից հետո նույնիսկ մի քիչ էլ ծիծաղելի են թվում այն հույսերը, որոնք մենք կապում էինք այս դատարանների հետ։
Ադրբեջան. էթնիկ զտում Արցախում, անկախության սատարում խաղաղօվկիանոսյան կղզիներում
Այսինքն, մինչ մենք վախվորած դիրքորոշում ենք որդեգրել՝ հանկարծ մի էնպիսի բան չանենք, որ ամենակարող միջազգային հանրությունը մեզնից դժգոհ մնա, մեր տարածաշրջանի մյուս երկրները պարզապես բանի տեղ չեն դնում այդ հանրության կարծիքը, որովհետև վաղուց հասկացել են, որ այդ միջազգային հանրություն կոչվածը պարզապես մի սև կատու է մութ սենյակում, որը միգուցե գոյություն էլ չունի։
Եվ ամենագլխավորը. երբ անընդհատ լսում ենք մեր ղեկավարներից, թե անվտանգության ապահովումը ոչ միայն զենքով է լինում, այլև միջազգային հանրության միջոցով, միգուցե մի օր հարցնենք նրանց՝ նույնիսկ շարքային հայաստանցին արդեն վաղուց հասկացել է, որ միջազգային հանրությունից հնարավոր չէ որևէ կոնկրետ աջակցություն ստանալ։ Որտեղի՞ց են ձեզ մոտ մնացել այդ պատրանքները։