ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի – Sputnik․ Հայաստանն անցնում է մարտահրավերների միջով, բայց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը համոզված է, որ Հայաստանի Հանրապետությունը կդառնա ամուր և ժողովդավար պետություն, եթե առաջնորդվի կոնկրետ արժեքներով։ Այդ մասին ասված է Միրզոյանի` Հանրապետության տոնի առթիվ հղած շնորհավորական ուղերձում։
«Հանրապետության տոնը խորհրդանշում է պետականության վերականգնումը և անկախ ու ինքնիշխան պետություն կառուցելու կոլեկտիվ քաղաքական կամքը։ Քանզի մենք անցնում ենք դժվար ժամանակներով ու մարտահրավերների միջով, դրանք կրկին այն արժեքներն են, որոնք պետք է մեզ առաջնորդեն ամուր ու ժողովրդավար Հայաստանի Հանրապետության զարգացման ճանապարհին՝ ներառյալ հուսալի միջազգային գործընկերությունների միջոցով»,- նշել է նա։
Նշենք, որ ավելի վաղ Հանրապետության օրվա առթիվ շնորհավորական ուղերձներ են հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը։
Հիշեցնենք` Հայաստանի առաջին հանրապետությունը հռչակվել է 1918 թվականի մայիսի 28-ին ու գոյություն է ունեցել մինչև 1920 թվականը։