ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի – Sputnik․ Լեմկինի ցեղասպանության ինստիտուտը ստորագրահավաք է նախաձեռնել՝ Բաքվում ապօրինի պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին և հայ գերիներին անհապաղ ազատ արձակելու պահանջով։ Համապատասխան հայտարարությունը հրապարկված է ինստիտուտի X-ի պաշտոնական էջում։
«Ստորագրելով սա՝ դուք կարող եք քայլեր ձեռնարկել Բաքվի կողմից պահվող արցախահայության, ինչպես նաև մյուս հայ ռազմագերիների և քաղաքացիական պատանդների իրավունքների վերականգնման ուղղությամբ, որոնցից մի քանիսը արդեն ապօրինի պահվում են տարիներ շարունակ»,- շեշտված է հայտարարության մեջ։
Նշվում է, որ ինստիտուտը խորապես մտահոգված է Ադրբեջանում արցախցի քաղաքական բանտարկյալներին շարունակական ապօրինի կալանքի տակ պահելու կապակցությամբ։ Ինստիտուտը դիմում է Ադրբեջանի նախագահին՝ պահանջելով ազատ արձակել բոլոր հայերին, որոնք ներկայում պահվում են Բաքվում:
Ընդգծվում է, որ նրանց ձերբակալությունը միջազգային իրավունքի կոպիտ խախտում է։