Իրանը Ռուսաստանից 500 մլն դոլար արժողության 12 ուղղաթիռ կգնի. ԶԼՄ

Ռուսական ուղղաթիռներ գնելու որոշումը կայացվել է Իրանի նախագահին տեղափոխող ինքնաթիռի կործանումից մի քանի օր անց։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի – Sputnik. Իրանը պայմանագիր է կնքել Ռուսաստանի հետ 12 Մի-17 ուղղաթիռ գնելու համար, որոնք կօգտագործվեն Իրանի Կարմիր մահիկի ընկերությանը սպասարկելու համար։ Ըստ Avio News-ի՝ գործարքի արժեքը կկազմի մոտ 500 միլիոն դոլար: «Ռուսաստանի ուղղաթիռներ» պետական ընկերությունը կարող է առաջին չորս ուղղաթիռները Իրանին մատակարարել արդեն 2025 թվականի մարտին։
Այժմ պայմանագիրը դեռ պետք է համաձայնեցվի Իրանի արդյունաբերության նախարարության հետ։ Նոր ուղղաթիռները հագեցած կլինեն գիշերային տեսանելիության համակարգերով, որոնք թույլ կտան թռիչքներ իրականացնել վատ տեսանելիության պայմաններում։
Ուղղաթիռների մատակարարման պայմանագիրը կնքվել է ողբերգական ավիավթարից մի քանի օր անց, որի հետևանքով զոհվել են Իրանի նախագահը, ԱԳՆ ղեկավարը և նրանց ուղեկցողները։ Ամերիկյան արտադրության Bell-212 ուղղաթիռը կործանվել էր մայիսի 19-ին Իրանի հյուսիս-արևմուտքում։