ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի — Sputnik. Այն, ինչ այսօր կատարվեց Սարդարապատում, հակասում է մեր ազգի վարքագծին և բարոյական ու հոգևոր արժեքներին։ Այս հայտարարությունը տարածել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը` անդրադառնալով Սարդարապատի հուշահամալիրում Գարեգին Երկրորդի հետ կատարված միջադեպին։
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր Սարդարապատում ոստիկանները խոչընդոտել են Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ի մուտքը հուշահամալիր։
«Խստորեն դատապարտում ենք այս մեծապես ամոթալի երևույթը, որը հակասում է մեր ազգի վարքագծին և բարոյական ու հոգևոր արժեքներին։ Ո՞ւր է գնում Հայաստանը՝ մեր սիրելի հայրենիքը, որի անկախության ու հավերժության համար դարեր շարունակ մեր սրբերը աղոթեցին, մեր նախահայրերը ստեղծագործեցին և մեր նահատակները իրենց արյունը թափեցին։ Ինքնաքանդումի ու ինքնասպանության ներկա ընթացքը պետք է կանգ առնի»,– գրել է Արամ Ա–ն ֆեյսբուքյան էջում։
Վերջում նա ընդգծել է, որ եկեղեցին չի կարող անտարբեր մնալ հայրենիքի քանդմանը։