ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի — Sputnik. Եվրոպական միության դիտորդական առաքելության ներկայացուցիչներն ու Հայաստանում Ռումինիայի դեսպան Կոռնել Իոնեսկուն այցելել են Կապանի օդանավակայան, ինչպես նաև Մեղրի և Ագարակ համայնքներ։ Տեղեկությունը հրապարակվել է ՀՀ–ում ԵՄ առաքելության X–ի միկրոբլոգում։
«Շնորհակալություն Ռումինիային Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությանը մշտապես աջակցելու համար»,– նշված է գրառման մեջ։
Հիշեցնենք, որ 2023 թ. փետրվարի 20-ին Հայաստանում տեղակայվեց 100 անձից բաղկացած ԵՄ քաղաքացիական առաքելությունը՝ երկու տարի ժամկետով, որը վերահսկում է իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին։ Երրորդ երկրներից առաքելությանը միացել է Կանադան, հետաքրքրություն են ցուցաբերել նաև այլ երկրներ։ ԵՄ դիտորդական առաքելության կենտրոնակայանը գտնվում է Եղեգնաձորում։
ԵՄ երկրների արտգործնախարարները 2023-ի դեկտեմբերի 11-ին որոշեցին 50 տոկոսով ավելացնել Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության թիվը՝ 138 աշխատակցից հասցնելով 209-ի: