Տավուշյան «սահմանազատումը» դանդաղ գործող ական կդառնա․ Լևոն Ստեփանյան

Լևոն Ստեփանյան
Ադրբեջանը ուժային ճնշում է գործադրում Հայաստանի վրա, խախտվում են սահմանազատման բոլոր նորմերն ու կարգերը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի – Sputnik. Տավուշում իրականացվող «սահմանազատման» գործընթացը դանդաղ գործող ական կդառնա։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց Հայաստանի սահմանապահ զորքերի առաջին հրամանատար, գեներալ-մայոր Լևոն Ստեփանյանը։
«Սահմանազատում չկա, որովհետև սահմանազատումն այդպես չի իրականացվում։ Խախտվում են նման աշխատանքի համար սահմանված բոլոր նորմերը, կանոնները, կարգերը: Բացի այդ, անտեսվում են ԵԱՀԿ առաջարկությունները, որոնք հատուկ մշակվել են Համագործակցության երկրների համար»,-նշեց Ստեփանյանը։
Այդ առաջարկությունների հիման վրա իրականացվել է բելառուսա-լիտվական սահմանի, մերձբալթյան երկրների միջև սահմանազատումը։ Իսկ Հայաստանի և Ադրբեջանի դեպքում Բաքուն ուժային ճնշում է գործադրում, սահման է պարտադրում։
«Սա խնդրի լուծում չէ, դա դանդաղ գործող ական է։ Վաղ թե ուշ այդ մասին կհիշեն, և կրկին անկայունություն կլինի Հայաստանի պետական սահմանին»,-ասաց Ստեփանյանը։
Բացի այդ, ըստ նրա, գործընթացը պետք է սկսվեր ոչ թե Տավուշից, այլ այն շրջաններից, որտեղ Ադրբեջանը ներխուժել է Հայաստանի տարածք: Ավելին` խաղաղության պայմանագրի և սահմանազատման վերաբերյալ համապատասխան պայմանագրի բացակայության պայմաններում Հայաստանը չպետք է մասնակցեր գործընթացին։
«Սահմանափակվել ենք միայն միջպետական հանձնաժողովների համաձայնագրով, ինչն անթույլատրելի է։ Կարծում եմ, որ տեմպերի պահպանման դեպքում հոգեբանական ճնշում է գործադրվելու նաև այլ տեղամասերում սահմանամերձ բնակչության վրա։ Եվ սրացումն անխուսափելի է»,- ընդգծեց Ստեփանյանը։
Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվեցին սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։ ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտարարեց, որ Ադրբեջանն այս ամենի արդյունքում 2.5 գյուղ է ստանում, իսկ Հայաստանի Հանրապետությունը` անվտանգային ռիսկերի նվազեցում։ Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը հետ կքաշվեն և իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին:
ՀՀ ԱԳՆ–ն մայիսի 15-ին հայտնեց, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովները նոր պայմանավորվածություններ են ձեռք բերել։ ՀՀ վարչապետի աշխատակազմը պարզաբանեց, որ, ըստ այդ պայմանավորվածությունների, Կիրանցում ճանապարհի տեղափոխման ու գույքային խնդիր է առաջանալու, և կառավարության ներկայացուցիչները գույքագրելու են հնարավոր խնդիրները, որպեսզի փոխհատուցեն քաղաքացիների կրած վնասները։
Կիրանցի բնակիչները մայիսի 16-ին փակեցին Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը` դժգոհելով հայ–ադրբեջանական պայմանավորվածություններից։ Սակայն հաջորդ օրը Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի հետ հանդիպումից հետո բացեցին ճանապարհը։ Ըստ գյուղացիների` մարզպետն ասել է, որ սահմանազատումն անխուսափելի է, և եթե պետք լինի, պատ կշարեն սահմանի ողջ երկայնքով, որ չտեսնեն ադրբեջանցի սահմանապահներին։