ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի – Sputnik․ Ստեփանակերտի նախկին քաղաքապետ Դավիթ Սարգսյանը կալանավորվեց 20 օր ժամկետով։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
«Արցախցիների նկատմամբ դիակապտությանը միանում են նոր գործող անձինք։ Դատավոր Մարտին Արզումանյանը Ստեփանակերտի քաղաքապետին կալանավորվեց 20 օր ժամկետով»,– գրել է նա։
Ավելի վաղ հայտնել ենք, որ իրավապահները խուզարկում են Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի տունը։
ՔԿ-ն հայտնում է, որ Դ.Ս.-ն (նույնականացվում է որպես Դավիթ Սարգսյան), խմբի կազմում կատարել է առանձնապես խոշոր չափերով խարդախություն, ինչպես նաև կեղծ փաստաթղթեր է պատրաստել ու 3 անձի հետ օգտագործել դրանք։
Հիշեցնենք, որ մայիսի 25–ին ձերբակալվել է նաև Մարտակերտի քաղաքապետ Միշա Գյուրջյանը` խարդախությամբ և փաստաթղթեր կեղծելու եղանակով 1.935.000 ՀՀ դրամ արժողության «CHEVROLET LACETTI-1.4» մակնիշի ավտոմեքենան յուրացնելու մեղադրանքով։ Ավելի ուշ նրան կալանքի վերցրին 2 ամսով։
Մայիսի 23-ին էլ իրավապահ մարմինները խուզարկություն են իրականացրել Ասկերանի նախկին քաղաքապետ Հայկ Շամիրյանի տանը, ինչից հետո ձերբակալել են նրան։
Ըստ տեղեկությունների՝ Շամիրյանին վերագրվող մեղադրանքը ևս առնչվում է ավտոմեքենայի հափշտակությանը։ Առաջին ատյանի դատարանը մայիսի 24–ին Շամիրյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրեց տնային կալանքը։