Գազայի հատվածի հարավում գտնվող Ռաֆահ քաղաքի վրանային ճամբարի վրա իսրայելական ավիահարվածի հետևանքով առնվազն 40 մարդ է մահացել, տասնյակ մարդիկ են վիրավորվել։ Այս մասին, ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, ասվում է պաղեստինյան քաղաքացիական պաշտպանության ծառայության հայտարարության մեջ:
«Իսրայելական հարվածները առնվազն 40 մարդու կյանք են խլել, տասնյակ մարդիկ վիրավորվել են, նրանց մեծ մասը երեխաներ և կանայք են։ Այդ վայրում ապաստան է գտել 100 հազար մարդ», - ասվում է հրապարակման մեջ։
Պաղեստինի նախագահի մամուլի քարտուղար Նաբիլ Աբու Ռուդեյնան քննադատել է իսրայելական բանակի հարձակումը Ռաֆահում տեղահանված անձանց վրանային ավանի վրա՝ այն անվանելով «կանխամտածված կոտորած»:
«Իսրայելի օկուպացիոն ուժերի կողմից այդ հրեշավոր ջարդի իրականացումը մարտահրավեր է ՄԱԿ-ի ԱԽ բոլոր բանաձևերին, մասնավորապես Միջազգային դատարանի հստակ և պարզ որոշմանը, որով Իսրայելին հանձնարարվում է դադարեցնել Ռաֆահ քաղաքի վրա ռազմական հարձակումը և ապահովել պաղեստինցի ժողովրդի պաշտպանությունը», - ասել է Աբու Ռուդեյնան:
Նա այս հանցագործության պատասխանատվությունը դրել է ԱՄՆ վարչակազմի վրա՝ հայտարարելով, որ սարսափելի զանգվածային սպանությունների հիմնական պատճառը Իսրայելին ֆինանսապես և քաղաքականապես աջակցող ԱՄՆ–ի դիրքորոշումն է։
ՄԱԿ-ի պաղեստինյան փախստականների օգնության և աշխատանքների կազմակերպման գործակալությունը սարսափելի է անվանել Ռաֆահի շրջանում գտնվող տեղահանված անձանց վրա հարձակման մասին տեղեկությունը:
Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) իր հերթին հայտնել է, որ Ռաֆահ քաղաքում հրթիռային կայանք է խոցել, որից ավելի վաղ Իսրայելի ուղղությամբ 8 հրթիռ է արձակվել: Բացի այդ, ՑԱԽԱԼ–ը նշել է, որ հարված է հասցրել Ռաֆահում ՀԱՄԱՍ-ի համալիրին, ինչի հետևանքով սպանվել են ՀԱՄԱՍ-ի երկու բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնք պատասխանատու են Հորդանանի Արևմտյան ափի համար:
Հիշեցնենք` 2023 թ. հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին։