Մի շարք դեսպանատներ արցախցիներին վիզա չեն տալիս. Գեղամ Ստեփանյանն ահազանգում է

Գեղամ Ստեփանյան
Գեղամ Ստեփանյանը ՀՀ–ում հավատարմագրված դեսպանատներին կոչ է անում վերանայել իրենց մոտեցումները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի – Sputnik․ Մի շարք դեսպանատներ մերժում են արցախցիներին մուտքի արտոնագիր տրամադրել` պատճառաբանելով, որ «070» կոդով անձնագիր կրող անձանց դիմումներին ընթացք տալ չեն կարող։ Ֆեյսբուքյան իր էջում այս մասին հայտնում է Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպան Գեղամ Ստեփանյանը։
Ստեփանյանի խոսքով` հիմնականում խնդիրներ են առաջացնում ՀՀ–ում գործող եվրոպական երկրների դեսպանատները
«Դեսպանատները պարզաբանում են, որ ՀՀ իշխանությունների կողմից հրապարակված տեղեկության հիման վրա ենթադրվում է, որ «070» կոդով անձնագիրը փաստացի չի համարվում Հայաստանի քաղաքացիությունը հավաստող փաստաթուղթ։ Քանի դեռ անձնագրով հստակ ապացուցված չէ քաղաքացիությունը, հնարավոր չէ ընդունել կամ ընթացք տալ դիմումին»,– գրել է նա։
Ստեփանյանը խիստ անհասկանալի և դատապարտելի է համարում այս պարզաբանումը, քանի որ դեսպանատներն անտեսում են ՀՀ իշխանությունների մեկ այլ հայտարարություն, որ «070» կոդով անձնագիրը արցախցիներին տրամադրվել է որպես ճամփորդական փաստաթուղթ։
Ավելին` Արցախի նախկին ՄԻՊ–ը հիշեցնում է` «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց ժամանակավոր պաշտպանության տակ վերցնելու, ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականի անձը հաստատող փաստաթղթի նկարագիրը և դրա տրամադրման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 2023 թ․ հոկտեմբերի 26–ի որոշմամբ «070» կոդով անձնագիրը ճանաչվել է որպես փախստականի անձը հաստատող փաստաթուղթ և սահմանվել, որ ՀՀ տարածքից դուրս այն վավեր է փախստականի վկայականի հետ միասին գործածելու պարագայում։
«Փախստականների կարգավիճակի մասին կոնվենցիայի 28–րդ հոդվածը ամրագրում է փախստականի ազատ տեղաշարժի իրավունքը՝ մասնավորապես նշելով, որ «պայմանավորվող պետություններն իրենց տարածքում օրինական կարգով բնակվող փախստականներին տալիս են ճամփորդական փաստաթղթեր՝ իրենց տարածքից դուրս ճամփորդելու նպատակով», որոնք ճանաչվում և ընդունվում են պայմանավորվող պետությունների կողմից»,– ավելացրել է Ստեփանյանը։
Նա նաև տեղեկացնում է, որ ՀՀ–ում ԱՄՆ դեսպանատունը որևէ խնդիր չի հարուցում այս հարցում։
Ստեփանյանը ՀՀ–ում հավատարմագրված դեսպանատներին կոչ է անում խնդրի վերաբերյալ վերանայել իրենց մոտեցումները, որով կերաշխավորվի «Փախստականների կարգավիճակի մասին» կոնվենցիայով սահմանված իրավունքների պատշաճ և ամբողջական հարգում ու պաշտպանում։
Հիշեցնենք` ՀՀ ՆԳՆ–ն հայտարարել էր, որ այս տարվա հունվարի 28–ից ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ ստացած ԼՂ–ից բռնի տեղահանվածները ճամփորդելիս անձնագրի հետ պետք է ունենան նաև ժամանակավոր պաշտպանության վկայականը։ Ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականի անձը հաստատող փաստաթուղթ են անձնագիրը և ժամանակավոր պաշտպանության (փախստականի) վկայականը։ Այս երկու փաստաթղթերը ՀՀ–ից դուրս գալիս և ՀՀ մուտք գործելիս վավեր են համարվելու միայն միասին գործածելու դեպքում։