ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի – Sputnik․ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը ՀՀ դատախազությունից և քննչական մարմիններից պահանջում է անհապաղ քրեական վարույթ նախաձեռնել և պատասխանատվության կանչել բացահայտ հանցագործություններ կատարած ոստիկանության ծառայողներին և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՅԴ Հայաստանի ԳՄ–ն` անդրադառնալով ոստիկանության այսօրվա գործողություններին։
Ավելի վաղ հայտնել էինք, որ մոտ երկու տասնյակ ոստիկաններ շրջափակել են ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աշոտ Սիմոնյանին (ՀՅԴ անդամ է), նրանցից 1–2–ը հարվածել ու քաշքշել են նրան բերման ենթարկելիս։ Եվ դա այն դեպքում, երբ դեպքից րոպեներ առաջ Աշոտ Սիմոնյանը ոստիկաններին է ներկայացրել ԱԺ պատգամավորի վկայականը։ Ավելի ուշ ՆԳՆ–ից հայտնեցին, որ դեպքի կապակցությամբ նշանակվել է ծառայողական քննություն։
«Հակառակ դեպքում գլխավոր դատախազությունն ու քննչական մարմինները կդիտարկվեն սահմանադրական կարգը տապալող ուժերին օժանդակողներ և առանձնապես ծանր հանցագործությունները պարտակողներ՝ դրանցից բխող ծանրագույն պատասխանատվությամբ»,– նշված է հաղորդագրության մեջ:
Գերագույն մարմինը ոստիկանության այս գործողությունները գնահատում է որպես կազմակերպված հանցավոր խմբի կողմից ՀՀ սահմանադրական կարգը տապալելուն ուղղված հերթական քայլ:
Այդ մասին ՀՅԴ–ն տեղեկացրել է նաև ժողովրդավարության և մարդու իրավունքներով զբաղվող տեղական և միջազգային կազմակերպություններին ու օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցչություններին՝ պահանջելով կոնրկետ գնահատական տալ:
Հիշեցնենք, որ բողոքի ցույցերը Հայաստանում սկսվեցին այն բանից հետո, երբ ապրիլի 19-ին հայտնի դարձավ, որ Երևանն ու Բաքուն պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի հատվածից։ Մարզի Ոսկեպար ու Կիրանց գյուղերի հատվածում բողոքի ակցիաներ անելուց հետո Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գխավորած երթը Կիրանցից հասավ Երևան, մայիսի 9-ին Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքի ժամանակ Բագրատ սրբազանը Նիկոլ Փաշինյանին կոչ արեց հրաժարական տալ։ ՀՀ վարչապետի արձագանքի բացակայության պայմաններում շարունակվեցին հանրահավաքները, տարբեր ոլորտների ներկայացուցիչների հետ հանդիպումներն ու անհնազանդության ակցիաները։
Մայիսի 26–ին Հանրապետության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ հայտարարվեց, որ շարժման՝ վարչապետի թեկնածուն Բագրատ սրբազանն է։