ԱԺ պատգամավորին բերման ենթարկելու դեպքով ՆԳՆ–ում ծառայողական քննություն է նշանակվել

Դեպքից րոպեներ առաջ Աշոտ Սիմոնյանը ոստիկաններին էր ներկայացրել ԱԺ պատգամավորի վկայականը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի – Sputnik․ Երևանի ՀՅԴ գրասենյակի մոտ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աշոտ Սիմոնյանին բիրտ ուժ կիրառելով բերման ենթարկելու դեմքով նշանակվել է ծառայողական քննություն։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՆԳՆ ոստիկանությունից։
Նշենք, որ հրապարակված կադրերում երևում էր` ինչպես են մոտ երկու տասնյակ ոստիկանների շրջափակել Սիմոնյանին, որոնցից 1–2–ը հարվածում էին պատգամավորին, քաշքշում։
«Պատգամավորին բերման ենթարկելու դեպքով ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում նշանակվել է ծառայողական քննություն»,–հայտնեցին ոստիկանությունից։
Հավելենք, որ դեպքից րոպեներ առաջ Աշոտ Սիմոնյանը ոստիկաններին է ներկայացրել ԱԺ պատգամավորի վկայականը։
Հայտնել էինք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման աջակիցները վաղ առավոտից փակել են մի շարք փողոցներ ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում։ Դրան զուգահեռ կարմիրբերետավորները սկսել են բերման ենթարկել անհնազանդության ակցիայի մասնակիցներին։ Բերման ենթարկվողների թվում էր նաև ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի որդին` Իգոր Խաչատուրովը։
Երևանում այս պահի դրությամբ բերման է ենթարկվել անհնազանդության ակցիաների 240 մասնակից։