Անձի նկատմամբ ուժի գործադրումը շարունակվել է ոստիկանների հսկողության տակ. ՄԻՊ–ի արձագանքը

Արձանագրված բոլոր դեպքերով ՄԻՊ–ը պարզաբանումներ կպահանջի իրավասու մարմիններից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի – Sputnik․ ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից առերևույթ ֆիզիկական ուժի գործադրմամբ բերման է ենթարկվել ՀՀ ԱԺ պատգամավոր։ Այս մասին հայտնել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը` անդրադառնալով այսօր Երևանում անհնազանդության ակցիաների ժամանակ տեղի ունեցած միջադեպերին։
Ավելի վաղ հայտնել էինք, որ մոտ երկու տասնյակ ոստիկաններ շրջափակել են ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աշոտ Սիմոնյանին, նրանցից 1–2–ը հարվածել ու քաշքշել են նրան բերման ենթարկելիս։ Եվ դա այն դեպքում, երբ դեպքից րոպեներ առաջ Աշոտ Սիմոնյանը ոստիկաններին է ներկայացրել ԱԺ պատգամավորի վկայականը։ Ավելի ուշ ՆԳՆ–ից հայտնեցին, որ դեպքի կապակցությամբ նշանակվել է ծառայողական քննություն։
«Ըստ ոստիկանությունից ստացված պարզաբանման՝ պատգամավորը ոստիկանական ավտոմեքենայից ազատ է արձակվել։ Պաշտպանը ևս մեկ անգամ ընդգծում է, որ ՀՀ ԱԺ պատգամավորն օժտված է սահմանադրաիրավական հատուկ կարգավիճակով, վերջինս ազատությունից կարող է զրկվել օրենսդրությամբ սահմանված հատուկ ընթացակարգով։ Այս խնդրին պաշտպանն անդրադարձել է բազմիցս, և նշված պրակտիկայի առկայությունը մտահոգիչ է համարում»,– նշված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ ՄԻՊ գրասենյակի աշխատակիցներն այցելել են ոստիկանության 7 բաժիններ, առանձնազրույցներ ունեցել ավելի քան 160 անձանց հետ, ուսումնասիրել նրանց ազատությունից զրկելու հիմքերը, իրավունքների ապահովման վիճակը։
ՄԻՊ գրասենյակից նաև նշում են, որ արձանագրվել են դեպքեր, որ անձի նկատմամբ ուժի գործադրումը շարունակվել է, երբ վերջինս արդեն իսկ գտնվել է ոստիկանության ծառայողների հսկողության ներքո։ Պաշտպանը նշված գործելաոճը անթույլատրելի է համարում։
ՀՀ օմբուդսմանը խիստ անթույլատրելի է համարում նաև ոստիկանության ծառայողի կողմից անձին բերման ենթարկելու անհրաժեշտությամբ չպայմանավորված անհամաչափ ուժի կիրառումը.
«Անհամաչափ ֆիզիկական ուժի կիրառման յուրաքանչյուր դեպք պետք է անհապաղ ստանա պատշաճ իրավական գնահատական՝ նման դեպքերի շարունակականությունը բացառելու նպատակով»,–ասվում է ՄԻՊ–ի հայտարարության մեջ։
Արձանագրված բոլոր դեպքերով ՄԻՊ–ը պարզաբանումներ կպահանջի իրավասու մարմիններից։ Օմբուդսմանը ևս մեկ անգամ հորդորում է պետական իրավասու մարմիններին և հավաքի մասնակիցներին` ապահովել հավաքների խաղաղ ընթացքը։
Հիշեցնենք, որ բողոքի ցույցերը Հայաստանում սկսվեցին այն բանից հետո, երբ ապրիլի 19-ին հայտնի դարձավ, որ Երևանն ու Բաքուն պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի հատվածից։ Մարզի Ոսկեպար ու Կիրանց գյուղերի հատվածում բողոքի ակցիաներ անելուց հետո Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գխավորած երթը Կիրանցից հասավ Երևան, մայիսի 9-ին Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքի ժամանակ Բագրատ սրբազանը Նիկոլ Փաշինյանին կոչ արեց հրաժարական տալ։ ՀՀ վարչապետի արձագանքի բացակայության պայմաններում շարունակվեցին հանրահավաքները, տարբեր ոլորտների ներկայացուցիչների հետ հանդիպումներն ու անհնազանդության ակցիաները։
Մայիսի 26–ին Հանրապետության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ հայտարարվեց, որ շարժման՝ վարչապետի թեկնածուն Բագրատ սրբազանն է։