Աղետի գոտում արդեն 4 հաստատված զոհ կա․ պատգամավոր

ՆԳն վերջին տվյալներով՝ Լոռու և Տավուշի մարզերում առաջացած հեղեղումների հետևանքով տարբեր բնակավայրերից տարհանվել է 269, փրկվել` 120 մարդ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի – Sputnik․ Աղետի գոտում արդեն 4-րդ հաստատված զոհը կա։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է ԱԺ պատգամավոր Արեն Մկրտչյանը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել 3 զոհի մասին։
Փրկարարական աշխատանքներում ներգրավված են ՆԳՆ փրակարար ծառայության 30 մարտական հաշվարկ` 324 փրկարարական ծառայող։ Տավուշի մարզում մարզպետարանի կողմից աշխատանքներին ներգրավվել է 25 միավոր ինժեներական տեխնիկա (20 ինքնաթափ և 5 ամբարձիչ)։
ՆԳՆ վերջին տվյալներով՝ մայիսի 26-ին տեղատարափ անձրևից հետո Լոռու և Տավուշի մարզերում առաջացած հեղեղումների հետևանքով տարբեր բնակավայրերից տարհանվել է 269, փրկվել` 120 մարդ (347 մարդ՝ Լոռու մարզում, 42 մարդ՝ Տավուշի մարզում):
Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամը վարորդներին հորդորում է դեպի Վրաստանի սահման ուղևորվելիս Մ-6-ը շրջանցել Մ-3 Մարգարա-Վանաձոր-Տաշիր-ՀՀ սահման և Մ-1 Երևան-Գյումրի-ՀՀ սահման միջպետական ավտոճանապարհներով։
Ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ փակ են Վանաձոր–Ալավերդի–Այրում–Բագրատաշեն և Դիլիջան–Իջևան երթուղիները։