ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի – Sputnik․ Վարչապետի մեր թեկնածուն պետք է լինի վերկուսակցական, ձևավորի անցումային կառավարություն։ «Տավուշը հանուն հայրենիքի» հրավիրած հանրահավաքի ժամանակ հայտարարեց Բագրատ սրբազանը։
«Այդ թեկնածուն կլինի հաշտության կառավարության, որը կհամախմբի բոլոր ունակներին` մասնագիտական վաստակով, հմտություններով, արհեստավարժությամբ ու աստվածասեր։ Նա հստակ պետք է ունենա օրակարգային երեք ուղղություն`
ներքին հաշտություն` հիմնված արդարության ու արդարադատության վրա, մեր կյանքի ապաքինմամբ ու զարգացմամբ պայմանավորված
արտաքին հարաբերություններում առանց «հակա»–ների քաղաքականություն` իրականության ներկայիս իրավիճակի սառեցմամբ, օրինակելի իրավիճակի զարգացում` գիտակցելով խաղաղության գինը,
պետք է պատրաստի արտահերթ կամ հերթական ընտրություններ` առանց հավակնություն ունենալու մասնակցել այդ ընտրություններին»,– հայտարարեց սրբազանը։
Ըստ նրա` վարչապետի թեկնածուն կապահովի ադրբեջանական ուժերի դուրսբերումը մեր տարածքներից, իսկ սահմանազատման գործընթացը կսկսվի խաղաղության պայմանագրի ստորագրելուց անմիջապես հետո` հստակ քարտեզներով, այլ ոչ թե աչքաչափով, երաշխավորների ներգրավվածությամբ։
Հիշեցնենք` հայ–ադրբեջանական սահմանազատումից դժգոհ քաղաքացիները տևական ժամանակ ակցիաներ էին անում Տավուշի մարզում։ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամներն ու նրանց կողմնակիցները մայիսի 4-ին որոշեցին Կիրանց գյուղից երթով գալ Երևան։ Մայիսի 9-ին նրանք հասան մայրաքաղաք։ Այդ օրը Հանրապետության հրապարակում հանրահավաք տեղի ունեցավ, և շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին մեկ ժամ ժամանակ տվեց հրաժարականի համար, ինչը տեղի չունեցավ։
Դրանից հետո նա կոչ արեց մայիսի 10-ից անհնազանդության խաղաղ ակցիաներ սկսել ամբողջ հանրապետությունում։ Շարժման մասնակիցներն ու կողմնակիցները հաջորդ օրվանից սկսեցին փողոցներ ու ճանապարհներ փակել, իրազեկման ակցիաներ իրականացնել` քաղաքացիներին հորդորելով միանալ իրենց։