Տարհանվել է 232 քաղաքացի. Երևանում ջրալցումների հետևանքով զոհեր և տուժածներ չկան

Հորդառատ անձրևի հետևանքները Երևանում
ՆԳՆ փրկարար ծառայությունն անցել է ուժեղացված ծառայության։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի – Sputnik․ Երևան քաղաքում, նախնական տվյալներով, ջրալցումների հետևանքով զոհեր և տուժածներ չկան: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Վանաձորում, Ստեփանավանում և Ամրակից գյուղում ջրալցվել են տներ։
Նշվում է, որ նախնական տվյալներով` հանրապետության վտանգավոր տարածքներից տարհանվել է 232 քաղաքացի, մասնավորապես 28–ը` Թուֆենկյան հյուրանոցային համալիրից, 62–ը՝ Տաշիր քաղաքում, 22–ը՝ Ալավերդի քաղաքում, 110–ը՝ Սանահին կայարանից, 2–ը՝ Դիլիջան քաղաքում, 7–ը՝ Այրում, 1–ը՝ Հաղարծին բնակավայրում:
Հորդառատ անձրևի հետևանքները Երևանում
«Ժամը 11։30–ի դրությամբ դեպքի վայրում աշխատանքներ են իրականացնում ՆԳՆ ՓԾ 30 մարտական հաշվարկ, աշխատանքներին ներգրավված են 324 փրկարարական ծառայող»,– ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ։
Երևան քաղաքի Արաբկիր, Էրեբունի և Շենգավիթ վարչական շրջաններում ՆԳՆ փրկարար ծառայության ստորաբաժանումերը սպասարկել են 13 դեպք պատահար, որից 2 դեպք՝ տրանսպորտային միջոցների ջրում և ցեխում արգելափակման (Թամանցիների փողոց, Նոր Խարբերդ) և 11 դեպք՝ բնակելի շենք շինություններում, նկուղային տարածքներում, կամուրջների տակ և ավտոկայանատեղիում ջրալցման վերաբերյալ։
ՆԳՆ փրկարար ծառայությունն անցել է ուժեղացված ծառայության։
Որոնողափրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքները շարունակվում են։
Այս գիշեր տեղացած հորդառատ անձրևների հետևանքով ՀՀ մի շարք մարզերում փակվել են ճանապարհներ, տներն ու ավտոմեքենաները հայտնվել են հեղեղի տակ, արգելափակվել են մարդիկ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ մայիսի 26–ի գիշերը Դեբեդ գետի վարարման հետևանքով Մ-6 միջպետական ճանապարհը երկկողմանի փակ է երթևեկության համար։ Վարարման հետևանքով, նախնական տվյալներով, կա մեկ զոհ, իսկ մեկ քաղաքացի ընկել է գետը։
Հորդառատ անձրևների հետևանքով վարարել է նաև Աղստև գետը, Տավուշի որոշ հատվածներ ևս ջրով են ծածկվել։
Հորդառատ անձրևների պատճառով անանցանելի են դեպի «Բագրատաշեն» տանող ճանապարհները. ՊԵԿ