ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի – Sputnik․ ՀՀ Լոռու և Տավուշի մարզերի տարբեր բնակավայրերից ժամը 15:30–ի դրությամբ տարհանվել է 190, փրկարարները փրկել են 73 մարդու: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը։
«Ըստ օպերատիվ դրության` որոնողափրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքները շարունակվում են, որոնց արդյունքում Սանահինի կամրջի մոտակայքից փրկարարները դուրս են բերել 1 անձը չպարզված քաղաքացու դի»,– գրել է Սարգսյանը:
Նա նաև նշել է, որ ՆԳՆ փրկարար ծառայությունն իրականացնում է ուժեղացված ծառայություն, և ներկա պահին ծառայության ուժերն ու միջոցները բավարարում են փրկարարական աշխատանքներն ամբողջ ծավալով իրականացնելու համար:
Հայտնել էինք, որ այս գիշեր տեղացած հորդառատ անձրևների հետևանքով ՀՀ մի շարք մարզերում փակվել են ճանապարհներ, տներն ու ավտոմեքենաները հայտնվել են հեղեղի տակ, արգելափակվել են մարդիկ։
Մայիսի 26–ի գիշերը Դեբեդ գետի վարարման հետևանքով Մ-6 միջպետական ճանապարհը երկկողմանի փակ է երթևեկության համար։ Վարարման հետևանքով կա մեկ զոհ, իսկ մեկ քաղաքացի ընկել է գետը։
Հորդառատ անձրևների հետևանքով վարարել է նաև Աղստև գետը, Տավուշի որոշ հատվածներ ևս ջրով են ծածկվել։