ԵՐԵՎԱՆ, 26 մայիս - Sputnik. Հայաստանի Պրեմիեր լիգայի չեմպիոն «Փյունիկն» ամբողջ մրցաշրջանի ընթացքում խնդիրներ ուներ առաջին հերթին ոչ թե խաղադաշտում, այլ խաղադաշտից դուրս։ Այն մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց երևանյան ակումբի սեփականատեր Արթուր Սողոմոնյանը։
Հայտնել էինք, որ երեկ «Փյունիկը» Գյումրիում 1։0 հաշվով հաղթելով «Շիրակին» դարձավ Հայաստանի ֆուտբոլի Պրեմիեր լիգայի չեմպիոնը։
«Շիրակ» - «Փյունիկ» հանդիպումից հետո երևանյան ակումբի սեփականատեր Արթուր Սողոմոնյանը չի թաքցրել իր ուրախությունը և պատմել է, թե ինչքան դժվար էր եղել հասնել այս նվաճմանը։
2023 թվականի աշնանը ՀՖՖ-ն «Փյունիկին»` չեմպիոնական մրցավազքի հավակնորդներից մեկին, զրկեց մարզադաշտից ու մերժեց մարզումային խաղադաշտեր տրամադրել։ Բայց Հայաստանի տիտղոսակիր թիմը կարողացավ դուրս գալ այդ իրավիճակից ու ի վերջո հասավ իր նպատակին։
«Մրցաշրջանը մեզ համար հատուկ էր, որովհետև, ցավոք, մենք ստիպված էինք պայքարել ոչ միայն խաղադաշտում, այլ նաև խաղադաշտից դուրս։ Դա առաջին հերթին վերաբերում է ՀՖՖ-ի ագրեսիային ու ոչ պրոֆեսիոնալ գործողություններին։ Ամեն ինչ գնում էր նրան, որ «Փյունիկը» դուրս գար առաջնությունից դեռևս աշնանը։ Բայց թիմի ֆուտբոլիստները դրսևորեցին բնավորություն, բարձր մակարդակի պրոֆեսիոնալիզմ, հրաշալի աշխատեց մարզչական կազմը, և թիմը կարողացավ տոն մատուցել իր երկրպագուներին։ Սպասում ենք մեր երկրպագուներին արդեն Չեմպիոնների լիգայի հանդիպումներին», - ասաց Արթուր Սողոմոնյանը։
«Փյունիկի» հաղթանակը
© Photo : press office of the FC Pyunik
Արթուր Սողոմոնյանը նշեց, որ չեմպիոնությունը «Փյունիկը» նվիրում է թիմի նախկին գլխավոր քարտուղար Դավիթ Մարտիրոսյանի հիշատակին, որը վաղաժամ հեռացավ կյանքից մեկ ամիս առաջ։
Առաջնության երկրորդ հատվածի մեկնարկից առաջ «Փյունիկը» 6 միավորի առավելություն ուներ հիմնական մրցակիցների նկատմամբ, բայց կորցրեց այդ առավելությունը, ու մրցաշարի վերջնամասում, միայն կամային որակների շնորհիվ, թիմը կարողացավ շրջանցել «Նոային» ու հետո նվաճել չեմպիոնի կոչումը։
«Փյունիկը» շարունակում է մնալ Հայաստանի ամենատիտղոսակիր թիմը, այն 16-րդ անգամ է նվաճել չեմպիոնի կոչումը։