ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի – Sputnik․ Հորդառատ անձրևներից Լոռու և Տավուշի մարզերում, Երևանում, ինչպես նաև Դեբեդ, Աղստև, Տաշիր գետերի վարարման հետևանքով հեղեղումների առաջացրած արտակարգ իրավիճակի կառավարման նպատակով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ձևավորվել է օպերատիվ շտաբ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանի գլխավորությամբ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։
«ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունը, ճանապարհային դեպարտամենտը, ոստիկանությունը, մարզպետարանները, տեղական ինքնակառավարման մարմինները, համապատասխան մյուս կառույցները իրականացնում են իրենց լիազորություններից բխող անհրաժեշտ միջոցառումներ»,– գրել է նա:
Հիշեցնենք, որ հորդառատ անձրևների հետևանքով ՀՀ մի շարք մարզերում փլուզվել են ճանապարհներ, տները հայտնվել են հեղեղի տակ, արգելափակվել են մարդիկ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ մայիսի 26–ի գիշերը Դեբեդ գետի վարարման հետևանքով Մ-6 միջպետական ճանապարհը երկկողմանի փակ է երթևեկության համար։ Վարարման հետևանքով, նախնական տվյալներով, կա մեկ զոհ, իսկ մեկ քաղաքացի ընկել է գետը։
Հորդառատ անձրևների հետևանքով վարարել է նաև Աղստև գետը, Տավուշի որոշ հատվածներ ևս ջրով են ծածկվել։
Հորդառատ անձրևների հետևանքով վարարել է նաև Աղստև գետը, Տավուշի որոշ հատվածներ ևս ջրով են ծածկվել։