Մի քանի օրով Վրաստանի հետ երկաթուղային կապն ընդհատվել է. գործում է օպերատիվ շտաբ

Նշվում է, որ կայանը ողողված է ջրով, երկաթուղային գիծը վնասված է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի – Sputnik․ Առնվազն մի քանի օրով Վրաստանի հետ երկաթուղային հաղորդակցությունն ընդհատվել է։ Այդ մասին Sputnik Արմենիային հայտնել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ–ի աղբյուրը։
Նշվում է, որ կայանը ողողված է ջրով, երկաթուղային գիծը վնասված է։
ՀԿԵ–ում ստեղծվել է օպերատիվ շտաբ՝ ճանապարհագծի պետի գլխավորությամբ։
Թե որքանով է վնասվել երկաթուղային գիծը և երբ կվերականգնվի երթևեկությունը, պարզ կլինի միայն այն բանից հետո, երբ ջուրը կիջնի և հնարավոր կլինի գնահատել ավերածությունների մասշտաբները:
Այս գիշեր տեղացած հորդառատ անձրևների հետևանքով ՀՀ մի շարք մարզերում փակվել են ճանապարհներ, տներն ու ավտոմեքենաները հայտնվել են հեղեղի տակ, արգելափակվել են մարդիկ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ մայիսի 26–ի գիշերը Դեբեդ գետի վարարման հետևանքով Մ-6 միջպետական ճանապարհը երկկողմանի փակ է երթևեկության համար։ Վարարման հետևանքով, նախնական տվյալներով, կա մեկ զոհ, իսկ մեկ քաղաքացի ընկել է գետը։
Հորդառատ անձրևների հետևանքով վարարել է նաև Աղստև գետը, Տավուշի որոշ հատվածներ ևս ջրով են ծածկվել։