ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի – Sputnik․ Լոռիի մի շարք համայքներում ջրամատակարարումը դադարեցված է, հայտնում է «Վեոլիա ջուրը»։
Դեբետ գետի վարարման հետևանքով «Ալավերդի-Արճիս-Նոյեմբերյան» ջրատարը հայտնվել է ջրի տակ, ինչի պատճառով այս պահին դադարեցված է Ալավերդի, Ախթալա, Այրում քաղաքների, Հաղթանակ, Դեղձավան, Հաղպատ, Նեղուց, Շնող, Թեղուտ, Բագրատաշեն, Պտղավան, Զորական, Լճկաձոր, Ճոճկան, Այրում Մեծ և Փոքր գյուղերի ջրամատակարարումը։
«Դեբեդի հունը 6 մետրով բարձրացել է, և այս պահին ջրատարին մոտենալ կամ որևէ այլ աշխատանք կատարել հնարավոր չէ»,–ասված է հաղորդագրության մեջ։
Ընկերությունից հայտնում են նաև, որ վարարումների հետևանքով խնդիրներ են առաջացել նաև Դիլիջան քաղաքում, որի մի հատվածում ևս դադարեցված է ջրամատակարարումը։
Քաղաքներում և գյուղերում ստեղծված իրավիճակի մասին «Վեոլիա ջուրը» խոստանում է լրացուցիչ տեղեկություններ հաղորդել։
Հայտնել էինք, որ այս գիշեր տեղացած հորդառատ անձրևների հետևանքով ՀՀ մի շարք մարզերում փակվել են ճանապարհներ, տներն ու ավտոմեքենաները հայտնվել են հեղեղի տակ, արգելափակվել են մարդիկ։
Մայիսի 26–ի գիշերը Դեբեդ գետի վարարման հետևանքով Մ-6 միջպետական ճանապարհը երկկողմանի փակ է երթևեկության համար։ Վարարման հետևանքով, նախնական տվյալներով, կա մեկ զոհ, իսկ մեկ քաղաքացի ընկել է գետը։
Հորդառատ անձրևների հետևանքով վարարել է նաև Աղստև գետը, Տավուշի որոշ հատվածներ ևս ջրով են ծածկվել։