Կմնանք այստեղ, մինչև կստանանք պատասխան. Բագրատ սրբազանը` կառավարական ամառանոցի մոտ

Բագրատ սրբազանը կառավարական ամառանոցի մոտ
Բագրատ սրբազանը Փաշինյանին կոչ արեց` առանց ավելորդ շարժումների ուղղակի գնա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի – Sputnik․ Կառավարական ամառանոցների մոտ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը հայտարարեց, որ կմնան այստեղ մինչև ինչ–որ ձևով պատասխան կստանան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից։
«Կստանանք, թե ինչպես, ինչ պայմաններով, որտեղ` ներսո՞ւմ, թե դրսում, մենք կհանդիպենք` հանգիստ, առանց ցնցումների խոսելու։ Ուրիշ ելք, տարբերակ չկա»,– հայտարարեց սրբազանը։
Նա նշեց, որ Նիկոլ Փաշինյանի հետ այս վայրկյանից սկսած քննարկելու թեմա ունեն միասին։
«Ինչպես հրապարակում եմ ասել` Դուք ձեզ ժամանակին շատ ժողովրդական մարդ էիք համարվում։ Այս նույն ժողովուրդն է մի ժամանակ Ձեզ բերել իշխանության։ Մենք եկել ենք պարզ խոսակցության, խոսակցություն մեկ թեմայով՝ Ձեր խաղաղ, անցնցում հեռանալու մասին»,– նշեց Բագրատ սրբազանը։
Փաշինյանին նա կոչ արեց առանց ավելորդ շարժումների ուղղակի գնալ. Նշեց` դու արդեն նախկին ես, իսկ հավաքվածները` ներկա, և հրավիրեց նրան ներկայի հետ հանդիպման։
Նշենք, որ այսօր կայացած հանրահավաքից հետո Բագրատ սրբազանը հավաքվածներին առաջակեց երթով գնալ դեպի կառավարական ամառանոց` հանդիպելու Նիկոլ Փաշինյանի հետ։
Հանրահավաքի ժամանակ հայտնի դարձավ, որ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը խնդրել է կաթողիկոսին սառեցնել իր հոգևոր ծառայությունը, որվհետև առաջադրվել է որպես ժամանակավոր կառավարությա վարչապետի թեկնածու։
Հիշեցնենք` հայ–ադրբեջանական սահմանազատումից դժգոհ քաղաքացիները տևական ժամանակ ակցիաներ էին անում Տավուշի մարզում։ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամներն ու նրանց կողմնակիցները մայիսի 4-ին որոշեցին Կիրանց գյուղից երթով գալ Երևան։ Մայիսի 9-ին նրանք հասան մայրաքաղաք։ Այդ օրը Հանրապետության հրապարակում հանրահավաք տեղի ունեցավ, և շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին մեկ ժամ ժամանակ տվեց հրաժարականի համար, ինչը տեղի չունեցավ։ Դրանից հետո նա կոչ արեց մայիսի 10-ից անհնազանդության խաղաղ ակցիաներ սկսել ամբողջ հանրապետությունում։ Շարժման մասնակիցներն ու կողմնակիցները հաջորդ օրվանից սկսեցին փողոցներ ու ճանապարհներ փակել, իրազեկման ակցիաներ իրականացնել` քաղաքացիներին հորդորելով միանալ իրենց։
Չեմ ուզում հավատալ, որ Էլենն է եղել. Բագրատ սրբազանը` իրեն գաղտնալսել ցանկացողի մասին