ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի – Sputnik․ ՀՀ 5 խոշոր ջրամբարների գետավազաններում 1 օրում` մայիսի 25–26–ը, ջրի ելքերի էական բարձրացումները վտանգավոր չեն։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության մամուլի ծառայությունը։
Նախարարությունը ներկայացրել է մայիսի 26–ի դրությամբ «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի կողմից դիտարկվող 5 ջրամբարներում ջրալցվածությունը․
Ախուրյանի ջրամբարում 80 %,
Արփիլիճ ջրամբարում՝ 88 %,
Ապարանի ջրամբարում՝ 52 %,
Ազատի ջրամբարում` 90 %,
Մարմարիկի ջրամբարում` 97 %:
Հայտնել էինք, որ այս գիշեր տեղացած հորդառատ անձրևների հետևանքով ՀՀ մի շարք մարզերում փակվել են ճանապարհներ, տներն ու ավտոմեքենաները հայտնվել են հեղեղի տակ, արգելափակվել են մարդիկ։
Մայիսի 26–ի գիշերը Դեբեդ գետի վարարման հետևանքով Մ-6 միջպետական ճանապարհը երկկողմանի փակ է երթևեկության համար։ Վարարման հետևանքով, նախնական տվյալներով, կա մեկ զոհ, իսկ մեկ քաղաքացի ընկել է գետը։
Հորդառատ անձրևների հետևանքով վարարել է նաև Աղստև գետը, Տավուշի որոշ հատվածներ ևս ջրով են ծածկվել։