Եղանակային պայմանների հետևանքով չեղարկվել են Երևան–Թբիլիսի–Երևան միջազգային գնացքները. ՀԿԵ

Գնացքը «Սասունցի Դավիթ» կայարանում. Արխիվային լուսանկար
ՀԿԵ–ից հայտնում են, որ ուղևորները տոմսերը կարող են վերադարձնել ինչպես առցանց, այնպես էլ տոմսարկղներում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի – Sputnik․ Անբարենպաստ եղանակային պայմանների հետևանքով չեղարկվել են Երևան–Թբիլիսի–Երևան երթուղով միջազգային գնացքները։ Տեղեկությունը հայտնում է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ մամուլի ծառայությունը։
«Ավտոճանապարհներին և երկաթուղային գծերին սելավահոսքի առաջացման պատճառով Այրում–Ախթալա հատվածում տարերքի հետևանքների վերացման համար վերանորոգման և վերականգնման աշխատանքներ կատարելու նպատակով՝ 2024 թ. մայիսի 26-ից կչեղարկվեն Երևան–Թբիլիսի–Երևան երթուղով միջազգային գնացքները»,– նշված է հաղորդագրության մեջ։
Ընկերությունից տեղեկացնում են, որ այն ուղևորները, որոնք տոմսերը գնել են առցանց, վերադարձը կատարվում է նույն եղանակով` օգտվելով առցանց գնման հարթակից: Ինչ վերաբերում է տոմսարկղերից տոմս գնած ուղևորներին, ապա վերադարձը կատարում է նույն տոմսարկղներում:
Պատճառված անհարմարությունների համար «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ–ն հայցում է ուղևորների ներողամտությունը և նշում, որ գնացքների երթևեկության վերականգնման մասին լրացուցիչ կհայտարարվի սոցիալական ցանցերի էջերում և ՀԿԵ ՓԲԸ պաշտոնական կայքում։
Այս գիշեր տեղացած հորդառատ անձրևների հետևանքով ՀՀ մի շարք մարզերում փակվել են ճանապարհներ, տներն ու ավտոմեքենաները հայտնվել են հեղեղի տակ, արգելափակվել են մարդիկ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ մայիսի 26–ի գիշերը Դեբեդ գետի վարարման հետևանքով Մ-6 միջպետական ճանապարհը երկկողմանի փակ է երթևեկության համար։ Վարարման հետևանքով, նախնական տվյալներով, կա մեկ զոհ, իսկ մեկ քաղաքացի ընկել է գետը։
Հորդառատ անձրևների հետևանքով վարարել է նաև Աղստև գետը, Տավուշի որոշ հատվածներ ևս ջրով են ծածկվել։
Հորդառատ անձրևների պատճառով անանցանելի են դեպի «Բագրատաշեն» տանող ճանապարհները. ՊԵԿ