ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի – Sputnik․ Դեբեդ գետի վարարման հետևանքով, նախնական տվյալներով, կա մեկ զոհ, փրկարարները որոնում են մեկ տարեց քաղաքացու, որն ընկել է գետը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնից հայտնում են, որ ահազանգերը ստացվել են մայիսի 26–ին ժամը 00։40–ից սկսած։
Նշվում է, որ Դեբեդ գետի վարարման հետևանքով Մ6 ավտոճանապարհի Վանաձոր-Ալավերդի հատվածի 31-րդ կմ-ը հեղեղվել է և մոտ 50 մ երկարությամբ հատվածը փլուզվել, Այրում կայարան Երկաթուղային փողոցում ջրալցվել են մի շարք տներ։
Շնող գյուղից դեպի Թեղուտ հատվածում «Օպել» մակնիշի ավտոմեքենան ընկել է գետը, որը հետևանքով, ինչպես նշեցինք, նախնական տվյալներով կա 1 զոհ, Այրում-Ալավերդի ավտոճանապարհին արգելափակվել է 1 բեռնատար, այն ամբողջությամբ ջրի մեջ է, խցիկի վրա 2 քաղաքացի կա, Ալավերդի քաղաքում կան ջրալցված տներ և անասնագոմեր:
Բացի այդ, այսօր` ժամը 8։00–ի դրությամբ, Ալավերդի համայնքի Քարկոփ բնակավայրի ճանապարհին Դեբեդ գետի վրա գտնվող կամուրջը քանդվել է։ Բնակավայրը ջրածածկված է։
Նշվում է` Ախթալա բնակավայրի ճանապարհին Դեբեդ գետի վրա գտնվող կամուրջը ջրածածկված է, հնարավոր է լինեն քանդված հատվածներ, երկաթգծի վրա նշմարվում են նստվածքային տեղամասեր և տապալված սյուներ։
«Ալավերդի քաղաքի Մ6 ճանապարհին, Թումանյան փողոցում, Սանահին թաղամաս տանող ճանապարհին և Մ6 ճանապարհի գերեզմանների հատվածում ճանապարհը ամբողջությամբ ջրածածկված է, նկատելի են ամբողջական փլուզված տեղամասեր։ Ամբողջությամբ քանդվել է Սանահին կայարանը Ալավերդի քաղաքին կապող կամուրջը»,– տեղեկացնում է փրկարար ծառայությունը։
Շնող–Թեղուտ հատվածում գետի վարարման հետևանքով ճանապարհն ամբողջությամբ քանդվել է։ Նախնական տվյալներով` Մ6–Թեղուտ հատվածում գետում առկա է ավտոմեքենա, որում կա քաղաքացի։
Ինչ վերաբերում է Փամբակ համայնքին, ապա այստեղ` Մ6–ճանապարհի Քոբայր-Ձորագետ ավան հատվածում, ճանապարհը ամբողջությամբ փլուզվել է մի քանի հատվածներում։ Տվյալ հատվածում 3 ավտոմեքենա արգելափակված է։
Ձորագետ ավանի 70 բնակիչ տարհանվել է անվտանգ տարածք։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Դեբեդ գետի վարարման հետևանքով Մ-6 միջպետական ճանապարհը երկկողմանի փակ է երթևեկության համար։
Նշենք, որ ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը հայտնել էր, որ Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում այսօր ևս ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ։