ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի – Sputnik․ Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը մեղադրվում է խարդախության ու փաստաթղթեր կեղծելու համար։ ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածել, որում թեև միայն անվան սկզբնատառերն են նշված, սակայն մեր տեղեկություններով՝ խոսքը նրա մասին է։
Ավելի վաղ հայտնել ենք, որ իրավապահները խուզարկում են Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի տունը։
ՔԿ-ն հայտնում է, որ Դ.Ս.-ն (նույնականացվում է որպես Դավիթ Սարգսյան), Ս. Բ.-ի օժանդակությամբ, Ս.Ղ.-ի և Գ.Պ.-ի հետ նախնական համաձայնությամբ, խմբի կազմում կատարել է առանձնապես խոշոր չափերով խարդախություն, ինչպես նաև կեղծ փաստաթղթեր է պատրաստել ու նշված անձանց հետ օգտագործել դրանք։
Մասնավորապես, Դ.Ս.-ն խաբեության եղանակով, դիտավորությամբ խեղաթյուրելով իրականությունը՝ 2024թ. փետրվարի տարբեր օրերին կայացրել է 4 ավտոմեքենաներ օտարելու վերաբերյալ կեղծ որոշումներ։ Նա Ս.Ղ.-ին ու Գ.Պ.-ին տրամադրել է օտարելու գործարքներ կատարելու վերաբերյալ կեղծ լիազորագրեր։
Ս.Բ.-ն համապատասխան տեղեկանքներ է տրամադրել տվյալ ավտոմեքենաների համար գույքահարկի մասով պարտավորություններ չլինելու վերաբերյալ։
Ս.Ղ.-ն և Գ.Պ.-ն կեղծ տվյալներով փաստաթղթերը ներկայացրել են իրավասու պետական մարմնին։ Դրանց հիման վրա կատարվել են այլ անձանց նվիրաբերությամբ օտարման գործարքներ և իրավունքի պետական գրանցումներ։
Արդյունքում Դ.Ս.-ն, Ս.Ղ.-ն և Գ.Պ.-ն, Ս.Բ.-ի օժանդակությամբ առերևույթ հափշտակել են այլ անձանց պատկանող առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 19.100.000 ՀՀ դրամ արժողությամբ «TOYOTA HILUX 2.7», «VAZ 21214», «UAZ 390945-552» և «VAZ 212140» մակնիշների ավտոմեքենաներ։
Ձեռք բերված տվյալների հիման վրա Դ.Ս.-ի, Ս.Ղ.-ի և Գ.Պ.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և 457-րդ հոդվածի 2-րդ մասով։
Ս.Բ.-ի նկատմամբ նախաձեռնվել է վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 46-255-րդ հոդվածի (խարդախության հանցակից) 3-րդ մասի 3-րդ կետով:
Նշված 4 անձանց ձերբակալելու որոշում է կայացվել: Նախաքննությունը շարունակվում է։
Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ ձերբակալվել է Մարտակերտի քաղաքապետ Միշա Գյուրջյանը` խարդախությամբ և փաստաթղթեր կեղծելու եղանակով 1.935.000 ՀՀ դրամ արժողության «CHEVROLET LACETTI-1.4» մակնիշի ավտոմեքենան յուրացնելու մեղադրանքով։
Մայիսի 23-ին էլ իրավապահ մարմինները խուզարկություն են իրականացրել Ասկերանի նախկին քաղաքապետ Հայկ Շամիրյանի տանը, ինչից հետո ձերբակալել են նրան։
Ըստ տեղեկությունների՝ Շամիրյանին վերագրվող մեղադրանքը ևս առնչվում է ավտոմեքենայի հափշտակությանը։ Առաջին ատյանի դատարանը մայիսի 24–ին Շամիրյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրեց տնային կալանքը։