Պետք է վերականգնել Ռուսաստանի հետ հարաբերությունները․ Մուրադ Փափազյան

Ֆրանսահայ գործիչը վստահ է, որ որքան էլ, օրինակ, Ֆրանսիայի հետ լավ, ջերմ հարաբերություններ լինեն, եթե պատերազմ եղավ, ֆրանսիական զորք Հայաստան չի ուղարկվելու։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի – Sputnik․ Իշխանություններին հեռացնելուց հետո պետք է վերականգնել Ռուսաստանի հետ հարաբերությունները, ինչը ռազմավարական առաջնահերթություն է։ ՀՅԴ Բյուրոյի հրավիրած Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների խորհրդաժողովի ժամանակ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) համանախագահ Մուրադ Փափազյանը։
«Իշխանությունները պետք է հրաժարական տան, նոր ապահովության կապեր ստեղծվեն, որ արգելեն Թուրքիային և Ադրբեջանին հարձակվել Հայաստանի վրա, ինչու չէ՝ արևմտյան երկրների հետ, բայց և վերականգնել Ռուսաստանի հետ հարաբերությունները․սա ռազմավարական առաջնահերթություն է։ Անկարելի է ճանապարհել Ռուսաստանն ու հակառուսական իշխանություն հաստատել Հայաստանում»,- ասաց Փափազյանը։
Նա նշեց՝ քարտեզին նայելն էլ բավական է`պատկերացում կազմելու համար, թե ինչքան կարևոր է Ռուսաստանի դերը։ Հայաստանը շրջապատված է թշնամիներով, և միակ գործընկերը Ռուսաստանն էր, որի հետ կար ստորագրված պայմանագիր։
Նիկոլ Փաշինյանն ու Մուրադ Փափազյանը թեժ զրույց են ունեցել. Մակրոնն է միջնորդել
Ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյոք Արևմուտքը չի՞ կարող անվտանգային առումով այլընտրանք լինել, Փափազյանը նշեց՝ արևմտյան երկրների հետ լավ հարաբերություններ ունենալուն դեմ չէ։
«Երբ լսում ենք՝ Եվրամիությունն ուզում է լիազորել, որ Թուրքիան զբաղվի Կովկասի հարցերով․․․ Թուրքիան չեզոք գործընկեր չէ, չեզոք պետություն չէ, ուրեմն այստեղ մտահոգվելու հարց կա»,- շեշտեց Փափազյանը։
Նա հավելեց՝ Ֆրանսիան կարող է ուժեղացնել Հայաստանի հետ ռազմական համագործակցությունը, բայց եթե վաղը, մյուս օրը պատերազմ լինի, Ֆրանսիան Հայաստան զորք չի ուղարկելու, ուստի պետք է վերականգնել բարեկամական ամուր կապերը Ռուսաստանի հետ, միաժամանակ հաստատել լավ հարաբերություններ ոչ միայն արևմտյան երկրների, այլև Հնդկաստանի, Չինաստանի հետ։
Այնուամենայնիվ, բոլոր հարաբերությունների առանցքում պետք է լինեն հայ ժողովրդի ապահովությունն ու անվտանգությունը։
Մուրադ Փափազյանը և Մասիս Աբրահամյանը կհանվեն Հայաստանում անցանկալի անձ համարվողների ցանկից