Մարտակերտի քաղաքապետ Միշա Գյուրջյանը 2 ամսով կալանավորվել է

Որոշումը կայացրել է դատավոր Դավիթ Աղրամանյանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի – Sputnik․ Մարտակերտի քաղաքապետ Միշա Գյուրջյանը կալանավորվել է։ Տեղեկությունն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է իրավապաշտպան Արսեն Բաբայանը։
«Դատարանը կիրառեց 2 ամիս կալանք Մարտակերտի քաղաքապետի նկատմամբ»,–գրել է Բաբայանը։
Նա նշել է, որ որոշումը կայացրել է դատավոր Դավիթ Աղրամանյանը։
Հիշեցնենք` Միշա Գյուրջյանը մեղադրվում է խարդախությամբ խոշոր չափերով հափշտակության և փաստաթղթեր կեղծելու համար։
Հավելենք, որ մայիսի 23-ին էլ իրավապահ մարմինները խուզարկություն են իրականացրել Ասկերանի նախկին քաղաքապետ Հայկ Շամիրյանի տանը, ինչից հետո ձերբակալել են նրան։
Ըստ տեղեկությունների՝ նրան վերագրվող մեղադրանքը ևս առնչվում է ավտոմեքենայի հափշտակությանը։ Առաջին ատյանի դատարանը մայիսի 24–ին Շամիրյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրեց տնային կալանքը։
Այսօր` մայիսի 25–ին, ձերբակալվել է նաև Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը։ Մեղադրանքը նույնն է` խարդախություն և փաստաթղթերի կեղծում։