Հայաստանը յուրահատուկ համ ունի․ ի՞նչ անակնկալ է պատրաստել Կազինիկը երևանցիների համար

Առաջին անգամ Երևանում համերգ-դասախոսություններով հանդես կգա խորհրդային և շվեդ հայտնի երաժիշտ և մշակութաբան Միխայիլ Կազինիկը: Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում նա պատմել է հայկական երաժշտության իր ընկալման, ինչպես նաև Արամ Խաչատրյանի հետ կապված հուշերի մասին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի – Sputnik. Հայ կոմպոզիտորական դպրոցը գենետիկորեն հիշում է գրիգորյանական խմբերգն ու վաղ Վերածննդի երաժշտությունը, կարծում է Նոբելյան համերգի առաջատար փորձագետ Միխայիլ Կազինիկը:
«Ուստի այն (հայկական կոմպոզիտորական դպրոցը,–խմբ․) պահում է իր մեջ հին առաքելական եկեղեցու հիշողությունը՝ այն մոնոդիական մեղեդիները, որոնք մարդկությունն իմացել է, բայց ինչ-որ չափով կորցրել է, վերափոխել, զարդարել, մոռացության մատնել»,-ասում է երաժիշտը։
Երաժշտական նստարաններ Երևանում․ կարելի է հանգստանալ ու Արամ Խաչատրյան վայելել
Նա խոստովանում է, որ վերջին ժամանակներում հայ կոմպոզիտորներից նրան հատկապես հոգեհարազատ է Գագիկ Հովնունցը (Հովնունցի երաժշտությունը թե՛ երաժշտական, թե՛ թեմատիկ առումով հենվում է հայկական ազգային ակունքների վրա,– խմբ․)։
Կազինիկի խոսքով՝ Հայաստանն իր համար ունի յուրահատուկ համ, գույն, հոտ.
«Ես այն բացահայտել եմ նաև ճարտարապետության, հնամենի տաճարների, առաքելական եկեղեցու միջոցով: Պարզել եմ, թե ինչով է այն տարբերվում «ուղղակի» եկեղեցուց, որովհետև այն գալիս է բուն արմատներից, հենց հիմքից, որովհետև հայերն ավելի քրիստոնյա են և ավելի շուտ քրիստոնյա... Ժամանակին քրիստոնեությունը ֆենոմենալ կրոն էր, որը փրկում էր մարդկանց, հիմք էր հանդիսանում արվեստի, մշակույթի համար, բայց հետո կրոնը զավթեցին քաղաքական գործիչները»։

Արամ Խաչատրյանի մասին

Ժամանակին արվեստաբանին բախտ է վիճակվել շփվել Արամ Խաչատրյանի հետ և նույնիսկ վարել նրա ստեղծագործական երեկոն: Նա հիշում է, որ հանճարեղ կոմպոզիտորը «ահավոր առատաձեռն» էր և շատ հասարակ կյանքում։ Այդ օրը համերգից հետո, երբ հանդիսատեսը լքեց դահլիճը, նվագախմբին խնդրեցին մնալ, իսկ հետո բացվեցին նախասրահի դռները: Ինչպիսին էր երաժիշտների զարմանքը, երբ նրանք տեսան իրենց համար գցված սեղանները։
«Արամ Իլյիչը անհանգստացրել էր ամբողջ կուսակցական ղեկավարությանը։ Այնտեղ կար սև խավիար, կարմիր խավիար, թառափ ... Եվ դուրս է գալիս Արամ Իլյիչը՝ մի կողմից՝ որպես պարոն, մյուս կողմից՝ որպես զգացմունքային, շատ հարազատ, շատ հասարակ մարդ։ Ինձ համար նա շատ-շատ բարի, հրաշալի մարդ էր», - հիշում է Կազինիկը։

Գլխավոր ուղերձի մասին

Արվեստաբանը մարդկությանն ուղղված իր ամենակարևոր ուղերձը ձևավորում է հետևյալ կերպ. «Մարդը հանճարեղ է մտածված»:
Նա կարծում է, որ պետք է հնարավորինս վերացնել մարդու հանճարի բացահայտման բոլոր խոչընդոտներն ու արգելքները։
Վիրտուոզ ջութակահար և հետաքրքիր պատմություններ. Արա Մալիկյանի խելահեղ համերգը Երևանում
«Մշակույթի առաքյալը» անելանելի իրավիճակում խորհուրդ է տալիս լսել Բախ, երբ բավարար էներգիա չկա՝ Բեթհովեն, եթե քնքշության, ջերմության, փաղաքշանքի պակաս կա՝ Մոցարտ, երբ հումորի կարիք ունես՝ Հայդն։ Իսկ մի ստեղծագործություն նշելու խնդրանքին, որն առանց լսելու կյանքից հեռանալը մեղք է, պատասխանում է. «Բրամսի չորրորդ սիմֆոնիան»։

Համերգների մասին

Երևանում այսօր Միխայիլ Կազինիկը ելույթ կունենա մանկական լսարանի համար:
«Մեծ անակնկալ է պատրաստվում բոլորի համար։ Համերգ-դասախոսությանը հայկական երաժշտությունը՝ Կոմիտասի երաժշտությունը, ջութակով կնվագի հայ մանկական նյարդավիրաբույժը: Սա իմ պրակտիկայում միակ նման դեպքն է», - ասում է նա։
Իսկ կիրակի օրը երևանյան հանդիսատեսին սպասվում է «Մշակույթի գաղտնի նշանները» դասախոսություն-համերգը՝ արդեն մեծերի համար։
Խոսելով առաջիկա ելույթների մասին՝ Կազինիկը հավելում է. «Ես պատրաստվում եմ հայ ժողովրդի հետ հանդիպմանը։ Ես կնայեմ այն մարդկանց դեմքերին, որոնք կմտնեն դահլիճ, իսկ երբ բարձրանամ բեմ, մի քանի վայրկյան կլռեմ, որպեսզի զգամ դահլիճի էներգիան»:
Միխայիլ Կազինիկի հետ ամբողջական հարցազրույցը դիտեք այստեղ: