ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի – Sputnik. Հայաստանի համար կարևոր է չտրվել քաղաքական մանիպուլյացիայի տարբեր շահագրգիռ երկրների կողմից, քանի որ այդ գործողություններն ուղղակի սպառնալիք են երկրի տնտեսական անվտանգությանը: Այս մասին այսօր Armenian Business Forum 2024-ի բացման ժամանակ ասաց Հայ գործարարների ասոցիացիայի նախագահ, «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը։
«Բոլորին կոչ եմ անում սթափ գնահատել նման քայլերի հետևանքները։ Ոչ մի արտաքին հանգամանք չի կարող և չպետք է խոչընդոտ հանդիսանա հայ-ռուսական համագործակցության մասնակիցների գործընկերության և փոխգործակցության զարգացման համար», – նշեց Կարապետյանը։
Նրա խոսքով՝ հայ գործարար համայնքի խնդիրն է պահպանել և ընդլայնել հարաբերությունները, համախմբել և կամուրջ դառնալ երկրների միջև կապերի զարգացման համար: Գործարարը կարծում է, որ միջազգային հարաբերությունների ներկայիս ճգնաժամում կարևոր է պահպանել սերտ երկխոսություն քաղաքական, գործարար և մշակութային հանրության բոլոր մակարդակներում, որոնք ձևավորվել են երկար տարիների ընթացքում:
Կարապետյանը հիշեցրեց, որ Ռուսաստանում է ապրում աշխարհի խոշորագույն հայկական սփյուռքը, որը Երևանի և Մոսկվայի միջև համագործակցության հիմքն է:
Գործարարը կարծիքով՝ չի կարելի հաշվի չառնել այն փաստը, որ հայկական սփյուռքը բոլոր ժամանակներում եղել է երկրների միջև կարևոր կապող օղակ և մինչ օրս շարունակում է նշանակալի դեր խաղալ Հայաստանի կյանքում և զարգացման գործում:
Նա ընդգծեց, որ Ռուսաստանի հայերն ակտիվորեն մասնակցում են տնտեսական, սոցիալական նախագծերի իրականացմանը, ներդրումներ են կատարում Հայաստանում և զբաղվում բարեգործական գործունեությամբ՝ դրանով իսկ նպաստելով երկրի զարգացմանը:
Սփյուռքի հնարավորությունները, ազդեցությունը հանրապետության կյանքի վրա վկայում են դրա կարևոր դերի մասին՝ որպես Հայաստանի համար ռեսուրսների, գիտելիքների և փորձի լրացուցիչ աղբյուր:
«Դրա հետ կապված` կցանկանայի նշել, որ Հայաստանի ներկայիս քաղաքական ուժերը չեն կարող հաշվի չառնել սփյուռքի շահերը, որն աշխատում է ոչ միայն ի շահ Ռուսաստանի, այլև Հայաստանի։ Ուժեղ սփյուռքը ամուր հենարան է Հայաստանի համար», - ընդգծեց հայ գործարարների ասոցիացիայի նախագահը։
Նա նաև մատնանշեց սփյուռքի պատասխանատվության աստիճանը` ընդգծոլով, որ վերջին տարիները շատ բարդ էին Հայաստանի համար։
«Մենք բոլորս խորապես անհանգստանում ենք և կանգնած ենք հայ ժողովրդի, Արցախի ժողովրդի կողքին, կանգնած ենք և կանգնելու ենք անկասկած: Մենք անմասն չմնացինք նաև անցած տարվա սեպտեմբերին Արցախում տեղի ունեցած իրադարձություններից և լիակատար խնամքի տակ վերցրեցինք հազարավոր ընտանիքների, որոնք ստիպված էին լքել իրենց տները։ Աջակցությունը շարունակվում է մինչ օրս», – նշեց Կարապետյանը։
Նա ընդգծեց, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին տրամադրվող օգնությունը «Տաշիր» բարեգործական հիմնադրամի համար առաջնային կմնա: Գործարարի խոսքով՝ չնայած վերջին տարիների դժվարություններին, Հայաստանը շարունակում է մնալ, մասնավորապես, ռուսաստանցիների համար, բարենպաստ երկիր բիզնես վարելու համար:
Հայաստանը տնտեսական աճի առումով երկար ժամանակ շարունակում է առաջատար մնալ ԵԱՏՄ երկրների շարքում։ Ի դեպ, շնորհիվ այդ երկրների, նաև բաց է սերտ գործընկերության համար՝ ի հաշիվ մեր երկրների միջև ավանդական բարեկամական փոխգործակցության։
Նա նաև իր աջակցությունը հայտնեց հայրենակիցներին, որոնք անարդարացիորեն կալանավորված են և գտնվում են Բաքվի բանտում, և հիշեցրեց, որ այսօր Ռուբեն Վարդանյանի ծննդյան օրն է:
Կարապետյանը շնորհավորեց Վարդանյանին ծննդյան օրվա առթիվ և մաղթեց նրան ու մյուս բոլոր գերիներին ուժ ու արիություն՝ իրենց բաժին հասած փորձություններն արժանապատվորեն հաղթահարելու համար: