Բագրատ սրբազանին աջակցող գործարարը մեղադրվում է հարկեր թաքցնելու և փողերի լվացման համար

Ձերբակալված 3 անձինք մեղադրվում են ավելի քան 88 միլիոն դրամի հարկեր չվճարելու համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի – Sputnik․ «Շահնազարյան» գինու, կոնյակի գործարանի տնօրեն Հայկ Շահնազարյանը մեղադրվում է խոշոր չափերով հարկերից խուսափելու և փողերի լվացման մեջ։ Այս մասին պարզ է դառնում ՀՀ ՔԿ–ի տարածած հաղորդագրությունից։
Ավելի վաղ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել էր այս դեպքին՝ նշելով, թե «Շահնազարյան» գինու, կոնյակի գործարանի սեփականատերն առաջին օրից աջակցում է շարժմանն ու հիմա հետապնդվում է իշխանությունների կողմից։
Քիչ առաջ ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն տարածեց, որտեղ թեպետ նշված են միայն անվան սկզբնատառերը, սակայն մեր տեղեկություններով՝ խոսքը նույն գործարարի մասին է։
Ըստ հաղորդագրության՝ գինու և կոնյակի արտադրությամբ ու վաճառքով զբաղվող «Շ…» (նույնականացվում է որպես «Շահնազարյան») ընկերության գլխավոր տնօրեն Ս.Շ.-ն, ընկերության գործունեությունը փաստացի ղեկավարող անձի՝ Հ.Շ.-ի (նույնականացվում է որպես Հայկ Շահնազարյան) և գլխավոր հաշվապահի՝ Մ.Ա.-ի հետ նախնական համաձայնությամբ, միասնական դիտավորությամբ իրականացրել է փողերի լվացում։
Մասնավորապես, առանձնապես խոշոր չափերով՝ 88.190.429 ՀՀ դրամ հարկ չվճարելու նպատակով հարկային մարմին ներկայացված հաշվարկում ներկայացրել է խեղաթյուրված տվյալներ, ինչպես նաև նպատակ ունենալով թաքցնել հանցավոր ճանապարհով ստացված գույքի ծագումը՝ իրականացրել է փողերի լվացում:
Միջնորդություններ են ներկայացվել հսկող դատախազին՝ Ս.Շ.-ի, Հ.Շ.-ի և Մ.Ա.-ի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 296-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, հանրային քրեական հետապնդում հարուցելու համար: Միջնորդությունները բավարարվել են: 3-ն էլ ձերբակալվել են։
Կատարվել են խուզարկություններ ընկերության գործունեության և մեղադրյալների բնակության հասցեներում։ Ըստ ՔԿ-ի՝ դրանց ընթացքում հայտնաբերվել են ընկերության գործունեությանը վերաբերող տվյալներ պարունակող էլեկտրոնային շտեմարան (սերվեր), համակարգիչներ և փաստաթղթեր: