Ամեն ինչ կարգին է․ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել ուղղաթիռի արտակարգ վայրէջքից հետո

Ճանապարհի մնացած մասը վարչապետը շարունակում է ավտոմեքենայով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի – Sputnik․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղղաթիռի արտակարգ վայրէջքի պատճառը եղանակային վատ պայմաններն են եղել։ Այս մասին իր Ֆեյսբուքյան էջում գրել է վարչապետ Փաշինյանը՝ միաժամանակ տեղեկացնելով, որ ամեն ինչ կարգին է։
«Սիրելիներս, ամեն ինչ կարգին է։ Եղանակային վատ պայմանների պատճառով մեր ուղղաթիռը չնախատեսված վայրէջք է կատարել Վանաձորում»,- գրել է Փաշինյանը։
Նա հավելել է, որ հիմա արդեն ճանապարհը շարունակում են ավտոմեքենայով։
Քիչ առաջ հայտնել էինք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղղաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Վանաձորի մարզադաշտում։ Ըստ տեղեկությունների՝ Փաշինյանն ուղևորվում էր Տաշիր։
Ուղևորության նպատակի, ինչպես նաև արտակարգ վայրէջք կատարելու պատճառների մասին առայժմ չի հաղորդվում։