ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի - Sputnik. Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանների ճշգրտումը չի կանգնեցնի Ադրբեջանին նոր ռազմական գործողությունների պլան ունենալու դեպքում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց անվտանգային հարցերի փորձագետ Դավիթ Հարությունովը։
Նշենք, որ ավելի վաղ ՀՀ ԱԱԾ–ն հայտնել էր, որ այսօրվանից ՀՀ Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերը պաշտոնապես ստանձնում են Հայաստանի Հանրապետության պետական սահմանի Տավուշի մարզի Բերքաբեր բնակավայրի 1,9 կմ, Ոսկեպար և Բաղանիս բնակավայրերի 4,9 կմ հատվածների պահպանությունը։
Փորձագետը հիշեցնում է, որ այդ ուղղությամբ սահմանապահ ուժերի տեղակայման մասին Ադրբեջանը հայտարարել էր դեռևս 2018 թվականին:
«Այստեղ մենք չգիտենք, թե իրականում ինչ ուժերի մասին է խոսքը, քանի որ սահմանային ուժերը կարող են բավականին տարբեր լինել։ Կարող է լինել մի տարբերակ, որտեղ նրանք առանձնապես չեն տարբերվում կանոնավոր բանակից։ Եվ ես կարծում եմ, որ այդպես էլ եղել է, քանի որ 2018 - ի հայտարարությունը հնչել է այն ժամանակ, երբ հակամարտությունը գտնվում էր սուր վիճակում, և հաճախ էին միջադեպեր տեղի ունենում»-ասաց Հարությունովը։
Արդյոք սահմանազատման գործընթացից հետո կփոխվի՞ այդ զորքերի տեղակայումը, ներկայացվածությունն ու հնարավորությունները` փորձագետը դժվարանում է ասել։
Հայաստանի իշխանությունները հայտարարում են, որ Տավուշում լեգիտիմ սահմանի առկայությունը կարող է հանդիսանալ անվտանգության երաշխիք։ Սակայն, ըստ Հարությունովի, դա իշխանության խոսույթի ամենաթույլ տեղն է։
«Իշխանությունները, ընդհանուր առմամբ, ընդունում են, որ անվտանգության 100 տոկոսանոց երաշխիք չկա դրա հետ կապված։ Իրենք էլ ասում են, որ խոսքը պարզապես հավանականության նվազման մասին է։ Խնդիրը նրանում է, որ իշխանությունները շատ մեծ վստահություն ունեն միջազգային լեգիտիմ մեխանիզմների, միջազգային իրավունքի մեխանիզմների և այլ նման բաների հանդեպ, բայց դա այն պայմաններում, երբ գլոբալ առումով այդ մեխանիզմները չեն գործում, ու միջազգային համաձայնեցված սահմանները շատ դեպքերում խախտվում են»,– հավելեց քաղաքագետը։
Ինչ վերաբերում է Ադրբեջանի հետագա գործողություններին, ապա Դավիթ Հարությունովի կարծիքով` Բաքուն առայժմ երկրորդ պլան է մղել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հարցը, թեև համոզված է, որ ինչ-որ փուլում Հայաստանի վրա ճնշումը կվերադառնա։
«Իրենց փոխվարչապետի հայտարարությունում հստակ ասվում էր, որ սահմանազատման մյուս փուլը լինելու է այսպես կոչված անկլավային բնակավայրերի մասով»,– ասաց նա։
Հարցին, թե արդյոք Ադրբեջանն առաջնորդվելու է 1970-ական թվականների գլխավոր շտաբի քարտեզներով Հայաստանի հետ այլ հատվածներում սահմանազատման գործընթացի ժամանակ, Հարությունովը պատասխանեց, որ խնդիրն այդ քարտեզները չեն, քանի որ Ադրբեջանը բանակցություն է վարում ուժի դիրքից և չի կարելի բացառել, որ ինչ-որ փուլում նրանք կրկին կփոխեն իրենց պայմաններն ու պահանջները։
Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվեցին սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։ Հայտարարվեց, որ սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է` հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը պետք է ավարտվի մինչև 2024 թ. մայիսի 15-ը:
ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտարարեց, որ Ադրբեջանն այս ամենի արդյունքում 2.5 գյուղ է ստանում, իսկ Հայաստանի Հանրապետությունը` անվտանգային ռիսկերի նվազեցում։ Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը հետ կքաշվեն և իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին:
ՀՀ ԱԳՆ–ն մայիսի 15-ին հայտնեց, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովները նոր պայմանավորվածություններ են ձեռք բերել։ ՀՀ վարչապետի աշխատակազմը պարզաբանեց, որ, ըստ այդ պայմանավորվածությունների, Կիրանցում ճանապարհի տեղափոխման ու գույքային խնդիր է առաջանալու, և կառավարության ներկայացուցիչները գույքագրելու են հնարավոր խնդիրները, որպեսզի փոխհատուցեն քաղաքացիների կրած վնասները։