Փաստաթղթերի կեղծմամբ հափշտակություն է կատարել. ՔԿ–ն` Ասկերանի նախկին քաղաքապետի մասին

ՀՀ քննչական կոմիտե
Քաղաքացու տանը խուզարկություն է կատարվել, նրան մեղադրանք է առաջադրվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի – Sputnik. ՀՀ քաղաքացի Հ.Շ.–ն (Ասկերանի նախկին քաղաքապետ Հայկ Շամիրյան-խմբ.) փաստաթղթերի կեղծմամբ և խարդախությամբ առերևույթ առանձնապես խոշոր չափով հափշտակություն է կատարել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ Հ․Շ.-ն սեփականության իրավունքով այլ անձի (անձանց) պատկանող 5.050.000 ՀՀ դրամ արժողության, 2022 թվականի թողարկման «LADA NIVA NIVATRAVEL» մակնիշի ավտոմեքենայի կեղծ փաստաթղթեր է պատրաստել։ 2024 թվականի հունվարի 18-ին կազմված որոշման տեքստերում ներառված են եղել իրականությանը չհամապատասխանող, գոյություն չունեցող տեղեկություններ՝ ուրիշի գույքն օտարելու իրավասություն ունենալու վերաբերյալ։ Դրանից հետո ավտոմեքենան օտարելու համար քաղաքացին համապատասխան պետական մարմին առերևույթ կեղծ տվյալներ պարունակող փաստաթղթեր է ներկայացրել։
«2024թ․ հունվարի 23-ին, առանց օրինական հիմքի, հանդես գալով որպես պայմանագրի կողմ, կնքել է տրանսպորտային միջոցի նվիրատվության պայմանագիր, որի արդյունքում գույքն ապօրինի օտարել է իրեն փոխկապակցված անձին՝ իր պապին։ Այդ կերպ առերևույթ խաբեությամբ հափշտակել է 5.050.000 ՀՀ դրամ արժեցող վերոնշյալ ավտոմեքենան»,– ասված է հաղորդագրությունում։
Նշված անձի բնակության հասցեում կատարված խուզարկությամբ, ի թիվս այլնի, հայտնաբերվել և վերցվել են վերոհիշյալ որոշման բնօրինակները, սակայն այլ թվագրմամբ, բովանդակության այլ ձևակերպմամբ։ Հայտնաբերվել է նաև մեկ այլ՝ «UAZ HUNTER» մակնիշի ավտոմեքենա օտարելու վերաբերյալ որոշման նախագիծ:
Ձեռք բերված տվյալների հիման վրա Հ.Շ.-ին մեղադրանք է ներկայացվել առանձնապես խոշոր չափերով խարդախություն և փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելը հոդվածներով։
Նախաքննությունը շարունակվում է։ Քննություն է կատարվում՝ ինչպես նշված, այնպես էլ այլ գույքերի, այդ թվում «UAZ HUNTER» մակնիշի ավտոմեքենայի հնարավոր օտարման հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Հիշեցնենք, որ փաստաբանը երեկ հայտնել էր, որ իրավապահ մարմինները խուզարկություն են իրականցրել Ասկերանի նախկին քաղաքապետ Հայկ Շամիրյանի տանը, ինչից հետո ձերբակալել են նրան։