ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի – Sputnik. ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքից մի խումբ անձանց մայիսի 26-ին կայանալիք հավաքին մասնակցելուն նյութապես շահագրգռելու կասկածանքով ձերբակալվել է Գեղարքունիքի մարզի մի բնակիչ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Ըստ հաղորդագրության` ՀՀ ոստիկանությունից ստացվել է հաղորդում այն մասին, որ «New Armenia Blog» Telegram–յան ալիքում տարածվել է «Ղարաբաղցիները փողի դիմաց մարդ են հավաքագրում մայիսի 26-ի հանրահավաքին մասնակցելու համար» վերտառությամբ հեռախոսային խոսակցության ձայնագրություն, որում 2 անձինք քննարկում են հավաքին մասնակցելու նպատակով այլ անձանց նյութապես շահագրգռելու վերաբերյալ հարցեր։
Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ձեռք բերված տվյալներով պարզվել է, որ հրապարակված ձայնագրության հեռախոսազրույցները տեղի են ունեցել 2024 թվականի մայիսի 22-23-ն ընկած ժամանակահատվածում ինքնությունները պարզված 2 անձի միջև։ Այդ ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել Վարդենիսի տարածաշրջանի 15-20 բնակչի նյութապես շահագրգռելու եղանակով 2024 թվականի մայիսի 26-ին նրանց Երևան տեղափոխելու, Հանրապետության հրապարակում կայանալիք հանրահավաքին մասնակից դարձնելու, նրանց կեցության և սննդի հարցերը հոգալու, ինչպես նաև նրանց տրամադրվելիք գումարների չափերի վերաբերյալ:
Նշված անձանցից մեկը ձերբակալվել է հանցանք կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով։
Նախաքննություն է իրականացվում հանգամանքները պարզելու, դեպքին առնչություն ունեցող բոլոր անձանց ի հայտ բերելու, վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու և նրանց արարքներին իրավական գնահատական տալու ուղղությամբ։