ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի — Sputnik. Իսրայելը Ռաֆահում չի իրականացնում և չի նախատեսում իրականացնել այնպիսի գործողություններ, որոնք կարող են պայմաններ ստեղծել պաղեստինյան քաղաքացիական բնակչության ամբողջական կամ մասնակի ոչնչացման համար: Այս մասին ասվում է Իսրայելի ազգային անվտանգության խորհրդի և ԱԳՆ ղեկավարների համատեղ հայտարարության մեջ՝ ի պատասխան ՄԱԿ-ի միջազգային դատարանի որոշման, որը Իսրայելին պարտավորեցնում է դադարեցնել ռազմական գործողությունները Ռաֆահում:
Հայտարարության մեջ նշվում է, որ Հաագայի միջազգային դատարանում Իսրայելի դեմ Հարավային Աֆրիկայի մեղադրանքները Պաղեստինի ժողովրդի ցեղասպանության վերաբերյալ կեղծ են, վրդովեցուցիչ և նողկալի:
«Իսրայելը Ռաֆահի շրջանում ռազմական միջոցառումներ չի անցկացրել և չի անցկացնի՝ կյանքի այնպիսի պայմաններ ստեղծող, որոնք կհանգեցնեին պաղեստինյան քաղաքացիական բնակչության ամբողջական կամ մասնակի ոչնչացմանը.. Իսրայելը կշարունակի բաց պահել «Ռաֆահ» անցակետը, կթույլատրի անցակետի եգիպտական կողմից մարդասիրական օգնության շարունակական մատակարարումը և թույլ չի տա ահաբեկչական կազմակերպություններին վերահսկել հսկիչ-անցակետը», - ասվում է հայտարարության մեջ:
Նշվում է, որ Իսրայելը նաև կշարունակի ջանքերը Գազայի հատվածում մարդասիրական օգնություն ապահովելու ուղղությամբ և կշարունակի գործել օրենքին համապատասխան՝ Գազայի հատվածում քաղաքացիական բնակչությանը հասցված վնասը նվազագույնի հասցնելու նպատակով: