Հայաստանը զբաղվածության պատճառով չի կարող ընդունել 2027թ–ի ԱՊՀ խաղերը

ԿԳՄՍ նախարարի տեղակալի փոխանցմամբ՝ Հայաստանը պատրաստակամ է քննարկելու ԱՊՀ 2029 թվականի խաղերն ընդունելու հնարավորությունը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի – Sputnik․ Հայաստանը հրաժարվել է 2027թ–ին ընդունել ԱՊՀ խաղերը` ծանրաբեռնվածության պատճառով։ Այս մասին հայտնում է ՀՀ ԿԳՄՍՆ մամուլի ծառայությունը։
ԱՊՀ երկրների ֆիզիկական կուլտուրայի և սպորտի խորհուրդն առաջարկն արել է այսօր ԱՊՀ սպորտային մայրաքաղաք Գյումրիում մեկնարկած համաժողովի ժամանակ։
«2027 թվականին Հայաստանում արդեն իսկ մի շարք խոշոր մարզական միջոցառումներ են նախատեսված: Մասնավորապես՝ արդեն հաստատվել է 2027 թվականին Ֆրանկոֆոնիայի մշակութային և մարզական խաղերը հյուրընկալելու ՀՀ հայտը։ 2027 թվականին նախատեսվում են նաև սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունը, ծանրամարտի աշխարհի առաջնությունը և Համահայկական խաղերը»,– ասել է ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը։
ԿԳՄՍ նախարարի տեղակալի փոխանցմամբ՝ Հայաստանը պատրաստակամ է քննարկելու ԱՊՀ 2029 թվականի խաղերն ընդունելու հնարավորությունը:
Անդրադառնալով առաջիկա տարիներին սպասվող սպորտային իրադարձություններին՝ Կարեն Գիլոյանը տեղեկացրել է, որ 2025 թվականին նախատեսվում է Երևանում անցկացնել կարատեի Եվրոպայի առաջնությունը, վոլեյբոլի մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլը, բասկետբոլի Մ20 տարեկանների Բ դիվիզիոնի Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլը, սպորտային պարերի աշխարհի գավաթի խաղարկությունը:
ԱՊՀ երկրների ֆիզիկական կուլտուրայի և սպորտի խորհուրդի նիստը Գյումրիում
2026 թվականին ծրագրավորված են հրաձգության Եվրոպայի առաջնությունը, սուսերամարտի Եվրոպայի առաջնությունը, դարձյալ սպորտային պարերի աշխարհի գավաթի խաղարկությունը և մի շարք այլ միջոցառումներ:
Գյումրի համայնքի ղեկավարությանն է փոխանցվել ԱՊՀ սպորտային մայրաքաղաքի հավաստման սերտիֆիկատը: Այն ստացել է Գյումրի համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Լուսինե Սանոյանը:
Այցի շրջանակում ԱՊՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտում համագործակցության մասին համաձայնագրի մասնակից պետությունների ներկայացուցիչները կծանոթանան նաև Գյումրու մարզական ենթակառուցվածքներին, կունենան մի շարք այլ հանդիպումներ: