ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի – Sputnik. Այսօրվանից ՀՀ Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերը պաշտոնապես ստանձնում են Հայաստանի Հանրապետության պետական սահմանի Տավուշի մարզի Բերքաբեր բնակավայրի 1,9 կմ, Ոսկեպար և Բաղանիս բնակավայրերի 4,9 կմ հատվածների պահպանությունը։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԱԾ մամուլի ծառայությունը։
«Պետական սահմանի Կիրանց բնակավայրի 5,8 կմ հատվածի պահպանությունը, մինչև 2024 թվականի հուլիսի 24-ը, կիրականացվի անցումային սխեմայով»,–ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ միևնույն տրամաբանությամբ Ադրբեջանի Հանրապետության կողմից սահմանային հանդիպակաց հատվածների պահպանությունն այսօրվանից իրականացվելու է Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանապահ ծառայության ստորաբաժանումների կողմից։
Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվեցին սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։ Հայտարարվեց, որ սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է` հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը պետք է ավարտվի մինչև 2024 թ. մայիսի 15-ը:
ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտարարեց, որ Ադրբեջանն այս ամենի արդյունքում 2.5 գյուղ է ստանում, իսկ Հայաստանի Հանրապետությունը` անվտանգային ռիսկերի նվազեցում։ Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը հետ կքաշվեն և իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին:
ՀՀ ԱԳՆ–ն մայիսի 15-ին հայտնեց, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովները նոր պայմանավորվածություններ են ձեռք բերել։ ՀՀ վարչապետի աշխատակազմը պարզաբանեց, որ, ըստ այդ պայմանավորվածությունների, Կիրանցում ճանապարհի տեղափոխման ու գույքային խնդիր է առաջանալու, և կառավարության ներկայացուցիչները գույքագրելու են հնարավոր խնդիրները, որպեսզի փոխհատուցեն քաղաքացիների կրած վնասները։
Կիրանցի բնակիչները մայիսի 16-ին փակեցին Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը` դժգոհելով հայ–ադրբեջանական պայմանավորվածություններից։ Սակայն հաջորդ օրը Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի հետ հանդիպումից հետո բացեցին ճանապարհը։ Ըստ գյուղացիների` մարզպետն ասել է, որ սահմանազատումն անխուսափելի է, և եթե պետք լինի, պատ կշարեն սահմանի ողջ երկայնքով, որ չտեսնեն ադրբեջանցի սահմանապահներին։