ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի — Sputnik. Հայաստանն ու Ռուսաստանը ռազմավարական դաշնակցությունից աստիճանաբար անցնելու են իրավիճակային գործընկերության։ Նման կարծիք հայտնեց քաղաքական մեկնաբան, Ռազմավարական մշակույթի հիմնադրամի փորձագետ Անդրեյ Արեշևը «Իրավիճակը Հարավային Կովկասի հանրապետություններում․ քաղաքական ուժերի դիմակայությունը» կլոր սեղանի ընթացքում։
Անդրեյ Արեշև
© Sputnik / Kristina Kormilitsyna
Փորձագետը Հարավային Կովկասում ընթացող գործընթացների կարևոր բաղադրիչ է համարում Հայաստանի ներգրավումը թուրք-ադրբեջանական կոմունիկացիոն նախագծերում: Նրա խոսքով՝ այդ մասին խոսում են ոչ միայն փորձագետները, այլև թուրք պաշտոնյաները։ Սակայն այժմ Հարավային Կովկասի նոր լոգիստիկ քարտեզի և Հայաստանի ինտեգրման վերաբերյալ հարցերն ավելի շատ են, քան պատասխանները, և բոլոր կողմերը դա հասկանում են։
Արեշևն ընդգծեց, որ այս պայմաններում փոխվում է ՌԴ դերը տարածաշրջանում։ Օրինակ, Գյումրիի 102-րդ ռազմաբազայի նշանակությունը կարող է նվազել՝ կախված Երևանի և Անկարայի միջև հարաբերությունների ջերմացման աստիճանից։
«Տեղեկություններ են ստացվում, որ Հայաստանը եվրոպական գործընկերների հետ միասին ավելի խորն է մշակում Եվրամիության հետ համագործակցությունն առաջ մղելու տարբերակը, քան դա թույլ է տալիս CEPA-ն (ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը- խմբ.): Հայաստանը խուսանավելու է եվրոպական և եվրասիական վեկտորի միջև։ Տեսնենք, թե որքան արդյունավետ կլինի երկու աթոռի վրա նստելու փորձը»,- ասաց նա։
Իր հերթին, ՌԳԱ Պրիմակովի անվան միջազգային տնտեսագիտության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի Կենտրոնական Ասիայի հատվածի ղեկավար Ստանիսլավ Պրիտչինը կարծում է, որ Ռուսաստանը չի հեռանում տարածաշրջանից, այլ փոխում է համագործակցության ձևաչափը:
Ստանիսլավ Պրիտչին
© Sputnik / Kristina Kormilitsyna
Նա համոզված է, որ Հայաստանն ու Ադրբեջանն առանց Ռուսաստանի չեն կարողանա լուծել կոմունիկացիոն հարցերը և հաջողության հասնել այդ հարցերում:
«Ամեն դեպքում մենք մնում ենք նաև որպես տեխնիկական մոդերատոր, նույնիսկ եթե պայմանագիրը ստորագրեն Վաշինգտոնում կամ Փարիզում», – նշեց փորձագետը:
Պրիտչինի կարծիքով՝ չնայած բանակցությունների երկկողմ ձևաչափի արդյունավետության մասին կողմերի հայտարարություններին, իրականում իրավիճակը հակառակն է ապացուցում։ Մասնավորապես, նա օրինակ բերեց Տավուշի գյուղերի հարցը, որոնց հանձնելն արդեն ազդում է Հայաստանի ներքաղաքական իրավիճակի վրա։
«Նույնիսկ խաղաղության պայմանագրի առկայության դեպքում (որի նախագիծը ՌԴ-ի առաջարկը չէ) հարցը չի կարող հիմնովին լուծվել։ Եթե այնտեղ հավաքվեն բոլոր վիճելի կետերը, փաստաթուղթն արդյունավետ չի լինի, քանի որ կողմերը չեն լուծել մի շարք հարցեր և դրա ստորագրումից հետո կարող են 15 տարի հակամարտել այս կամ այն հարցի շուրջ», – կարծում է նա։
Քննարկմանը մասնակցող Ռուսաստանի ՄՄՀՊՀ-ի առաջատար գիտաշխատող Սերգեյ Մարկեդոնովը նշեց, որ Հարավային Կովկասը դառնում է բարդ տարածաշրջան, աճում է այն խաղացողների թիվը, որոնք հետաքրքրված են դրա վերափոխմամբ:
Հետևաբար, ՌԴ-ի դերն այս տարածաշրջանում ևս բարդանում է, սակայն քաղաքագետը ողբերգական չի համարում նրա հեռացումը Հարավային Կովկասից, նույնիսկ եթե դա տեղի ունենա: Փորձագետը նշեց, որ Ռուսաստանը տարածաշրջանից հեռացել է 20-րդ դարի սկզբին և 1991 թ-ին, բայց միշտ վերադարձել է:
«Իրավիճակը Հարավային Կովկասի հանրապետություններում․ քաղաքական ուժերի դիմակայությունը» կլոր սեղանի մասնակիցները
© Sputnik / Kristina Kormilitsyna
«Մոտ ապագայում Կովկասում պահանջված կլինի ոչ թե խորքային դաշնակցի, այլ ուղեկցի հայեցակարգը։ Ամենայն հավանականությամբ, Մոսկվան ստիպված կլինի գործ ունենալ դրա հետ», - եզրափակեց նա։