Պետք չէ ամեն ինչից կոթող ու տաճար սարքել. Փաշինյանը` ԱՕԿՍ–ի շենքի մասին

Պատմամշակութային շենքերը վարձակալության հանձնելու գաղափարը Նիկոլ Փաշինյանին դուր եկավ, և նա կոչ արեց այս հարցում օրթոդոքս չլինել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի – Sputnik. ԱՕԿՍ–ի շենքը պետք չէ կոթողացնել։ Այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
ԱՕԿՍ–ի շենքը
Նա դրական է գնահատում, որ Երևանի Աբովյան փողոցում գտնվող հայտնի ԱՕԿՍ–ի շենքը վերադարձվել է կառավարությանը, սակայն կարծում է, որ նրա դռները չպետք է փակ մնան։
«Մենք պետք է շատ ինտենսիվ որոշում կայացնենք, որ գույքը սկսի ծառայել։ Ինչպես մասնավորը կարող է վերցնել ու ոչինչ չանել, նույն կերպ էլ կառավարությունը կարող է վերցնել ու չօգտագործել»,– նշեց նա։
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանն իր հերթին ասաց, որ ԱՕԿՍ–ի շենքը վարձակալության հանձնելու նախագիծն արդեն կառավարությունում է ու առաջիկայում կքննարկվի։
ԱՕԿՍ–ի շենքը
Նա նաև նշեց, որ գույքի շուկայական արժեքն արդեն գնահատված է։
Պատմամշակութային շենքերը վարձակալության հանձնելու գաղափարը Փաշինյանին դուր եկավ, և նա կոչ արեց այս հարցում օրթոդոքս չլինել։
ՀՀ կառավարությունը 2 մլրդ 920 մլն դրամ կհատկացնի 10 կրթահամալիր կառուցելու համար
«Մենք աշխարհի ամենատարբեր երկրներում տեսնում ենք պատմամշակութային հուշարձաններ, որոնք տվյալ երկրին միլիարդավոր եկամուտներ են բերում։ Ուղղակի այստեղ պետք է մի քիչ ճկուն լինել. պետք չի ամեն ինչից կոթող ու տաճար սարքել. երբ այդ շենքը կառուցվել է, միգուցե ի սկզբանե այդտեղ պանդոկ կամ արհեստանոց է եղել։ Կոթողացման այս տրամաբանությանը պետք է ուշադիր լինել։ ՀՀ շատ պատմամշակութային կառուցներ պատմականորեն արձանագրված է, որ այդտեղ ախոռ է եղել, մտնում, տեսնում ես` պատերին մոմ է կպցրած, մոմ են վառել։ Ամեն հին չէ, որ տաճար է կամ կոթող է»,– հայտարարեց ՀՀ վարչապետը։
Վերադառնալով ԱՕԿՍ–ի շենքին` նա հռետորական հարց ուղղեց` եթե հիմա ՀՀ քաղաքացին իր երեխայի հետ գնա, մտնի այս շենք, նախաճաշի ու դուրս գա, դա սրբապղծությո՞ւն է։
ԱՕԿՍ–ի շենքը
«Բա մարդկանց համար չէ՞ դա։ Բացարձակապես բոլոր շենքերը մարդու համար են, այլ ոչ թե հակառակը։ Կոթողացման տրամաբանությունից պետք է դուրս գալ ու գնալ բնակեցման տրամաբանության. դա մարդկանց ապրելու համար է, այլ ոչ թե տառապելու կամ ճգնելու համար է։ Ասում են` դպրոցը կոթող է, ա՛յ ձեր ցավը տանեմ, դպրոցն ի՞նչ կոթող. դպրոցը մի տեղ է, որտեղ մարդն առաջին հերթին պետք է ապրի ու ապրել սովորի»,– համոզված է Փաշինյանը։
Ըստ նրա` նույն տրամաբանությամբ ասում են` ՀՀ կառավարության շենքը կոթող է, սակայն Թամանյանը այն կառուցել է, որ մենք բոլորս ապրենք։