ՊԵԿ նախագահն ու ԵՄ դեսպանն այցելել են հայ–թուրքական սահմանին կառուցված մաքսակետ

Անցակետը կահավորված է նոր սարքավորումներով և լիովին պատրաստ է շահագործման։
Sputnik
Մարգարայի մաքսակետում պետական սահմանային հսկողությունը նախատեսված է իրականացնել սահմանային համալիր կառավարման սկզբունքի հիման վրա՝ «մեկ պատուհան» համակարգով։ Մաքսակետի աշխատանքը ներկայացվել է ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանին և Եվրամիության դեսպան Վասիլիս Մարագոսին նրանց համատեղ այցելության ժամանակ։ Տեղեկությունը հայտնում է ՊԵԿ մամուլի ծառայությունը։
Հյուրերին ներկայացվել է անցակետի ամբողջ ենթակառուցվածքը, ինչպես նաև ընթացակարգերի կիրառման և կազմակերպման հերթականությունը:
«Այցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև վերջին շրջանում ՊԵԿ բարեփոխումներին, ինչպես նաև միջազգային համագործակցության շրջանակում հարկային և մաքսային ոլորտներում արդեն իսկ ձեռքբերված պայմանավորվածությունների իրագործման ընթացքին»,- նշված է հաղորդագրության մեջ։
Մաքսակետի հիմնական շինարարական աշխատանքները տևել են մոտ 6 ամիս, ավարտվել են 2023 թվականի նոյեմբերին։ Մաքսակետում կառուցվել են սպասարկման սրահ, բեռների ձևակերպման համար նախատեսված սրահ, պահեստ և այլ ենթակառուցվածքներ։
Նշվում է, որ անցակետը կահավորված է նոր սարքավորումներով և լիովին պատրաստ է շահագործման։
Հիշեցնենք` 2023 թվականի գարնանը Մարգարա գյուղի անցակետի տարածքը փոխանցվեց ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տնօրինությանը։
Մայիսի վերջին կոմիտեն «Մարգարա» մաքսակետի կառուցման նպատակով նախագծանախահաշվային աշխատանքների նախապատրաստման վերաբերյալ պայմանագիր կնքեց «Արբակ և որդիներ» ՍՊԸ-ի հետ։
Նախագծով նախատեսված էր կառուցել մեկհարկանի սպասարկման սրահ, երկու տաղավար բեռների ձևակերպման համար, երկու տաղավար հերթապահ հերթափոխի հանգստի համար, մաքսային զննման միահարկ մասնաշենք, ավտոկայանատեղիներ, հարթակներ, ներքին ճանապարհներ, երկու հսկիչ-անցագրային կետ և 1–հարկանի պահեստ: