Ջրլող թռչունները վերադարձել են. «Խոր Վիրապ» արգելավայրում 2,51 հա ջրաճահիճ է վերականգնվել

«Խոր Վիրապ» արգելավայրում վերականգնված ջրաճահիճ
Ջրաճահճային տարածքներն իրենց կենսաբազմազանությամբ երկրորդն են անտառներից հետո։ Էկոհամակարգի վերականգնումից հետո ջրաճահճում թռչունների քանակը զգալի շատացել է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի – Sputnik. ՀՀ Արարատի մարզի «Խոր Վիրապ» պետական արգելավայրում վերականգնվել է 2,51 հեկտար մակերեսով ջրաճահճային տարածք, որը մեծ օգուտ կտա բնությանը։ Շրջակա միջավայրի նախարարությունն այսօր Կենսաբազմազանության միջազգային օրվա առթիվ նախաձեռնել էր ԶԼՄ ներկայացուցիչների այց «Խոր Վիրապ» պետական արգելավայր՝ տեղում ծանոթանալու միջազգային նշանակություն ունեցող խոնավ տարածքի էկոհամակարգին, բուսական ու կենդանական աշխարհին, հատկապես ջրլող թռչուններին ու դրանց ապրելավայրերին։
Արգելավայրը ՀՀ կառավարության որոշմամբ ստեղծվել է 2007 թվականին 50,28 հա տարածքում։ Այն ընդգրկված է միջազգային նշանակության ճահճային տարածքների ցանկում։
«Երկար տարիներ Հայաստանում ջրաճահճային տարածքները համարվել են չարիք, դրանց անվանել են մոծակների բազմացման վայր։ Բայց ջրաճահճային տարածքներն ունեն մի շարք առավելություններ, որոնց մասին քչերը գիտեն։ Օրինակ` դրանք ավելի արագ և մեծ քանակի ածխաթթու գազ են կլանում, քան անտառները, ֆիլտրում են թունաքիմիկատներով, պարարտանյութերով հարուստ ջրերը, բացի այդ ջրաճահճային տարածքը կատարում է սպունգի դեր։ Երբ ձնհալքի ժամանակ գետերի ջրերը շատանում են, ջրաճահճային տարածքը ստորգետնյա հոսանքներով դա կլանում է, իսկ չոր կլիմայի ժամանակ սկսում է հետ տալ այդ ջուրը` մեղմելով ամբողջ կլիման»,– լրագրողների հետ զրույցում ասաց «BirdLinks Հայաստան» ՀԿ–ի նախագահ, թռչնաբան Կարեն Աղաբաբյանը։
«BirdLinks Հայաստան» ՀԿ–ի նախագահ, թռչնաբան Կարեն Աղաբաբյան
Նրա խոսքով` ջրաճահճային տարածքներն իրենց կենսաբազմազանությամբ երկրորդն են անտառներից հետո։ Հայաստանի տարածքով տարեկան անցնում է առնվազն 1.5 մլն թռչուն, որոնք պետք է ինչ–որ տեղ իջնեն, հանգստանան, սնվեն, որպեսզի շարունակեն իրենց ճանապարհը դեպի հյուսիս։
Թռչնաբանն ընդգծեց, որ վերականգնված ջրաճահիճները տարանցիկ տարածք են ավելի քան 100 տեսակի չվող ջրային թռչունների համար, որոնցից 30-ը բնադրող տեսակներ են: Այն բնադրավայր է նաև ողնաշարավոր և անողնաշարավոր կենդանիների մի շարք տեսակների համար, օրինակ՝ սովորական ջրասամույրի, որը որպես վտանգված տեսակ գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։
«Ջրաճահճի վերականգնումից հետո այստեղ կարելի է հանդիպել մի շարք թռչունների։ Օրինակ` փոքր ձկնկուլը, որը կարմիրգրքային տեսակ է, վարդագույն հավալուսնը, որը Հայաստանում չի բնադրում, միայն չուի ժամանակ է անցնում է մեր տարածքով, այստեղ կան դեղին տառեղներ, կտցարներ, եղեգնաթռչնակներ և բազմաթիվ այլ տեսակներ»,–ասաց նա։
1 / 2

Կարեն Աղաբաբյանը ցույց տալիս դեղին տառեղի լուսանկարը

2 / 2

Թռչնաբանը ցույց է տալիս վարդագույն հավալուսնի ու փոքրիկ ձկնկուլի լուսանկարները

Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանն էլ իր հերթին նշեց, որ ընդհանուր 1,61 հա տարածքում բնահենք լուծումներով ստեղծվել է երեք ջրաճահճային տարածքներից բաղկացած տարածք, որոնք առանձնացված են կղզյակներով: 2017-2019 թվականների ու միջամտությունից հետո 2020–2021 թվականների դիտարկումների արդյունքում արձանագրվել է, որ ավելացել է տարածքում բնադրող ու չվող թռչունների քանակը` բնադրող թռչնատեսակների թիվը 38-ից դարձել է 55, իսկ կանգառող թռչնատեսակներինը՝ 31-ից 61։
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյան
2024 թվականի ապրիլին կրկին վերականգնողական աշխատանքներ են իրականացվել 0.9 հեկտար տարածքում։
Փոխնախարարի խոսքով` ջրաճահճային տարածքը զբոսաշրջային կարևոր ուղղություն կարող է լինել թռչնադիտման համար։ Այսօր էլ սոցիալական ցանցերում քաղաքացիները մեծ հետաքրքրություն են դրսևորում` բազմաթիվ լուսանկարներ հրապարակելով արգելավայրից։
Քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում. տեսանյութ
Կովկասի բնության հիմնադրամի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արման Վերմիշյանն էլ հավելեց, որ երբ տարածքը փորել են, առաջացած գրունտային ջրերը բավարար են եղել տարածքը վերականգնելու համար, բայց իրենք կապ են ստեղծել տարածքով անցնող ջրանցքի հետ, որպեսզի ջրաճահճում լինեն նաև ձկներ և ստեղծեն լրացուցիչ կերային բազա թռչունների համար։
Կովկասի բնության հիմնադրամի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արման Վերմիշյան
2019 թվականից մինչև 2021 թվականը 1.46 հեկտար տարածքում 3 լճերի ստեղծման համար ծախսվել է 13.7 մլն դրամ, իսկ այս տարվա ծրագրի համար, որի ընթացքում վերականգնվել է 0,9 հեկտար տարածք, ծախսվել է 8.7 մլն դրամ ։
Կովկասի բնության հիմնադրամի (CNF) գործադիր տնօրեն Էլիզաբեթ Մեսուդն էլ իր հերթին նշեց, որ աշնանը ծրագրում են փոքր–ինչ փոփոխություն իրականացնել արդեն իսկ կատարված աշխատանքում և ընդլայնել ջրաճահճային տարածքները։ Նպատակը մեկն է` շուրջ 50 հեկտար տարածքը վերականգնել որպես ջրաճահճային էկոհամակարգ։
Исполнительный директор фонда природы Кавказа (CNF) Элизабет Месуд
16-կիլոգրամանոց իշխան, խոսող սև ագռավ, անհետացած զուբր․ ինչ գիտենք կամ չգիտենք Սևանի մասին