Բաքվի հետ դիրքորոշումների տարբերություններ դեռ կան, բայց Երևանը լիահույս է․ փոխնախարար

Վահան Կոստանյան
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների նոր հանդիպման վերաբերյալ պայմանավորվածություն այս պահին դեռ չկա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի – Sputnik․ Խաղաղության համաձայնագրի տեքստի առնչությամբ Հայաստանի և Ադրբեջանի դիրքորոշումների միջև որոշակի տարբերություններ դեռ կան, սակայն Երևանը լիահույս է, որ կհաջողվի հասնել միասնական տեքստի։ Այսօր Իրանի դեսպանությունում բացված սգո մատյանում ցավակցական գրառում անելուց հետո 24news.am-ի հետ զրույցում այս հայտարարությունն արեց ՀՀ արտգործնախարարի տեղակալ Վահան Կոստանյանը։
«Յուրաքանչյուր հանդիպման հետ փորձում ենք երկու կողմերի դիրքորոշումներն էլ ավելի մոտեցնել իրար»,- ասաց նա։
Կոստանյանը շեշտեց, որ ՀՀ–ի կողմից պատրաստակամություն կա հարաբերությունները կարգավորելու և խաղաղության մասին համաձայնագիրը ստորագրելու և կյանքի կոչելու։
Կոստանյանն անդրադարձավ նաև սահմանազատման գործընթացին։ Լրագրողը հետաքրքրվեց, թե հնարավոր է արդյոք տարբեր հատվածում տարբեր քարտեզներ կիրառվեն։
«Սկզբունքը մեկն է, որ սահմանազատումը պետք է իրականացվի վերականգնելու համար 1991-ին գոյություն ունեցած, իրավաբանական ուժ ունեցող սահմանագիծը, և, ըստ այդմ, 91թ․-ին գոյություն ունեցած իրավաբանական ամենաթարմ քարտեզները պիտի կիրառվեն։ Այս պարագայում այս հատվածում դա գլխավոր շտաբի` 1976 թվականի քարտեզն է»,- ասաց նախարարի տեղակալը։
Կոստանյանը նաև տեղեկացրեց, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների նոր հանդիպման վերաբերյալ պայմանավորվածություն այս պահին դեռ չկա։
Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվեցին սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։ Հայտարարվեց, որ սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է` հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը պետք է ավարտվի մինչև 2024 թ. մայիսի 15-ը:
ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտարարեց, որ Ադրբեջանն այս ամենի արդյունքում 2.5 գյուղ է ստանում, իսկ Հայաստանի Հանրապետությունը` անվտանգային ռիսկերի նվազեցում։ Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը հետ կքաշվեն և իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին:
ՀՀ ԱԳՆ–ն մայիսի 15-ին հայտնեց, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովները նոր պայմանավորվածություններ են ձեռք բերել։ ՀՀ վարչապետի աշխատակազմը պարզաբանեց, որ, ըստ այդ պայմանավորվածությունների, Կիրանցում ճանապարհի տեղափոխման ու գույքային խնդիր է առաջանալու, և կառավարության ներկայացուցիչները գույքագրելու են հնարավոր խնդիրները, որպեսզի փոխհատուցեն քաղաքացիների կրած վնասները։
Կիրանցի բնակիչները մայիսի 16-ին փակեցին Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը` դժգոհելով հայ–ադրբեջանական պայմանավորվածություններից։ Սակայն հաջորդ օրը Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի հետ հանդիպումից հետո բացեցին ճանապարհը։ Ըստ գյուղացիների` մարզպետն ասել է, որ սահմանազատումն անխուսափելի է, և եթե պետք լինի, պատ կշարեն սահմանի ողջ երկայնքով, որ չտեսնեն ադրբեջանցի սահմանապահներին։