Փաշինյանը կասկածում է, որ եկեղեցին ֆինանսական հոսքերի հետ կապված խնդիրներ ունի

Կառավարությունն առաջարկել է ոչ միայն հավաքագրված հարկերը վերադարձնել, այլև անհրաժեշտության դեպքում լրացուցիչ ֆինանսավորում տրամադրել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի – Sputnik․ Կառավարությունը պաշտոնապես առաջարկել է, որ Հայ առաքելական եկեղեցին ամբողջապես հարկային դաշտ բերվի, միաժամանակ, հավաքագրված բոլոր հարկերը վերադարձվեն եկեղեցուն։ Այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանի
Նրա խոսքով՝ այս առաջարկի իմաստն այն է, որ ստվերն ամբողջությամբ բացառվի, թափանցիկություն ապահովվի։
«Մենք պաշտոնապես առաջարկել ենք, որ հարկային համակարգը ներդնենք և հավաքագրված ամբողջ գումարը կվերադարձնենք Հայ առաքելական եկեղեցուն, եթե դրա անհրաժեշտությունը լինի, որ ասում ենք՝ պատմամշակութային հուշարձանների պահպանում, վերականգնում և այլն, լրացուցիչ ֆինանսավորում էլ ենք պատրաստ տրամադրել»,- նշում է վարչապետը։
Նրա խոսքով՝ առաջարկը մերժվել է, ինչն իրենց համար անհասկանալի է։
«Երբ վերլուծել ենք՝ ինչը կարող է պատճառ դառնալ այս մերժման․․․ Թափանցիկության խնդիր է, որովհետև, ըստ ամենայնի՝ ֆինանսական հոսքերի հետ կապված կան պրոբլեմներ»,- ասաց Փաշինյանը։
Ավելի վաղ ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել էր, որ առաջիկայում պետք է քննարկվի Հայ առաքելական եկեղեցուն հարկային դաշտ մտցնելու հարցը։
Sputnik Արմենիայի հետ զրույցում Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանն էլ Ալեն Սիմոնյանի հայտարարությունը վրեժխնդրություն էր անվանել, ընդգծելով, որ իշխանության ներկայացուցիչները պետական մտածողությունը վերածել են անձնական քինախնդրության։
Նա հավելել էր, որ եկեղեցին գաղափարական պայքարի է ելել, և եթե իշխանությունը կարող է՝ թող գաղափարական պայքարով հաղթի։
Նշենք, որ ըստ ՊԵԿ հրապարակած տվյալների՝ Հայ առաքելական եկեղեցին ոչ միայն հարկեր վճարում է, այլև 2024թ–ի առաջին եռամսյակի տվյալներով 488–րդն է 1000 հարկ վճարողների ցանկում։ Եկեղեցին Հայաստանում, ինչպես և այլ երկրներում ազատված է որոշակի հարկատեսակներից իր կրթական, սոցիալական և բարեսիրական գործունեության բնույթից ելնելով, և Հայաստանում դա նաև սահմանված է եկեղեցի-պետություն հարաբերությունները կարգավորող օրենքով: