Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Իրանի հոգևոր առաջնորդի` այաթոլլա Ալի Խամենեիի հետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով է մեկնել Իրանի Իսլամական Հանրապետություն:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թեհրանում հանդիպել է Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հետ։ Այս մասին հայտնում են իրանական լրատվամիջոցները։
Նշվում է, որ Փաշինյանը Հայաստանի և հայ ժողովրդի անունից ցավակցություն է հայտնել այաթոլլա Ալի Խամենեին Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի մահվան կապակցությամբ։
Ավելի ուշ Փաշինյանի ու Խամենեի հանդիպման մասին հաղորդագրություն տարածեց նաև ՀՀ վարչապետի ծառայությունը։
«Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ԻԻՀ նախագահի և ԱԳ նախարարի հետ շփումներից ունի ջերմ հիշողություններ և նշել, որ Հայաստանի Հանրապետությունը և ժողովուրդը Իրանի Իսլամական Հանրապետության համար դժվարին այս ժամանակահատվածում նեցուկ են լավ բարեկամ և հարևան պետությանն ու ժողովրդին»,–ասվում է հաղորդագրության մեջ։
Նիկոլ Փաշինյանն ու Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին
Սեյեդ Ալի Խամենեին շնորհակալություն է հայտնել Նիոլ Փաշինանին Իրանի համար այս դժվարին ժամանակահատվածում այցելելու և հարգանքի տուրքի միջոցառմանը մասնակցելու համար:
Հիշեցնենք` Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիին և արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանին տեղափոխող ուղղաթիռը կործանվել է մայիսի 19-ին երկրի հյուսիս-արևմուտքում՝ Վերզեգանի շրջանում: Բարձրաստիճան պաշտոնյաները վերադառնում էին Արաքս գետի վրա հիդրոհանգույցների բացման արարողությունից, որին մասնակցում էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Փրկարարների թիմերը մեկնել էին արտակարգ պատահարի վայր և որոնումներ իրականացրել ամբողջ գիշեր, նրանց աշխատանքը բարդացել էր մթության և տեղատարափի պատճառով:
Նիկոլ Փաշինյանը մեկնել է Իրան՝ հարգանքի տուրք մատուցելու
Մայիսի 20-ի առավոտյան հայտնի դարձավ, որ հայտնաբերվել են ուղղաթիռի այրված բեկորները, իսկ ինքնաթիռում գտնվող բոլոր մարդիկ մահացել են։
Ուղղաթիռի կործանման հետևանքով մահացել են Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին, արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը, Արևելյան Ադրբեջանի նահանգապետ Մալիք Ռահմաթին, Թավրիզում ուրբաթօրյա աղոթքի ղեկավար այաթոլլա Մոհամմադ Ալի ալ–է–Հաշեմը, ԻՀՊԿ ներկայացուցիչ Սեյեդ Մեհդի Մուսավին ու անձնակազմի 3 անդամները։
Իրանի նախագահի լիազորությունները 2 ամսով փոխանցվել են առաջին տեղակալ Մոհամմադ Մոհբերին։