Լիտվան խզում է Ռուսաստանի հետ համաձայնագրերը

Գաբրիելյուս Լանդսբերգիսը
Չորս պայմանագրերի չեղարկման մասին որոշումն արդեն ընդունվել է, իսկ մյուս առաջարկները քննարկման փուլում են:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի – Sputnik. Լիտվայի կառավարությունը կխզի Ռուսաստանի և Բելառուսի հետ կնքված մի շարք պայմանագրեր, այդ թվում՝ ներդրումների պաշտպանության և առևտրատնտեսական հարաբերությունների մասին համաձայնագրերը: Տեղեկությունը հայտնում է «Ինտերֆաքսը»՝ հղում անելով BNS-ին։
Չորս պայմանագրերի չեղարկման մասին որոշումն արդեն ընդունվել է, իսկ մյուս առաջարկները քննարկման փուլում են: Մասնավորապես քննարկվում է ֆինանսների նախարարության առաջարկը՝ դադարեցնել եկամուտների և կապիտալի կրկնակի հարկումը բացառելու, ինչպես նաև հարկային իրավախախտումների վերաբերյալ համաձայնագրի գործողությունը:
«Անհրաժեշտ է քաղաքական ըմբռնում այն բանի, որ մենք Ռուսաստանի հետ համագործակցության հույս չունենք, քանի որ այն վաղուց արդեն չկա»,–հայտարարել Է Լիտվայի արտգործնախարար Գաբրիելյուս Լանդսբերգիսը:
Կրկնակի հարկումից խուսափելու մասին համաձայնագրերը կնքվում են հարկերի կրկնակի գանձումը կանխելու համար ինչպես ռեզիդենտ երկրում, այնպես էլ այն պետությունում, որտեղ գտնվում է եկամտի աղբյուրը:
Ավելի վաղ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտնել էր, որ Լատվիայի և Դանիայի հետ ՌԴ-ի նմանատիպ պայմանագրերը դադարել են գործել 2024 թվականի հունվարի 1-ից: